Երևանում ձերբակալվել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը

22.03.2017, 17:15
Երևանում ձերբակալվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։
Երևանում ձերբակալվել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական լրատվամիջոցների հաղորդմամբ, Երևանում ձերբակալվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։

Ձերբակալման պատճառները չեն հաղորդվում։ ԱԱԾ–ն դեռ չի մեկնաբանում տեղեկատվությունը` խորհուրդ տալով սպասել պաշտոնական հայտարարությանը։

Բաբայանը Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն է եղել 1993–1999 թթ.–ին, մասնակցել է արցախյան զորքերի գրեթե բոլոր հաջող օպերացիաների մշակմանը, իսկ 1994 թ.–ին ստորագրել է փաստաթղթեր, որոնք նախատեսում էին հրադադարի պահպանման ռեժիմի հաստատում։

2000 թ.–ին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման Արցախի այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ կազմակերպված մահափորձի համար, սակայն 4,5 տարի հետո նրան ներում է շնորհվել։

Չորեքշաբթի ԱԱԾ–ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ 2017թ. մարտին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել` ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։

Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա երկու անձ ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում զենքի (ռազմամթերքի) ապօրինի շրջանառությանն առնչություն ունեցած այլ անձանց հայտնաբերելու և գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։ -0-