ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այս րոպեներին Ազատության հրապարակում անցկացվում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դեմ հերթական հանրահավաքը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
Ինչպես հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը, իշխանություններն ամեն կերպ փորձում են խանգարել Հայաստանի մարզերի բնակիչներին գալ Երևան` «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի կազմակերպած հանրահավաքներին մասնակցելու նպատակով։
Նա նաև խոսեց նախօրեին կազմակերպված հանրահավաքի ժամանակ ոստիկանների գործողությունների մասին։ «Իշխանությունները ևս մեկ անգամ ցուցադրեցին իրենց իրական դեմքը։ Նրանք ձեռնարկում են ցանկացած միջոց ակցիաների անցկացմանը խոչընդոտելու համար, փորձում են խանգարել քաղաքացիների ազատ տեղաշարժմանը, ինչը հակասում է օրենքին», – ընդգծեց Ավետիսյանը։
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ հինգշաբթի նախատեսվում է անցկացնել «Նոր Հայաստան» ճակատի մասշտաբային համախմբված հանրահավաք` ընդդեմ հանրաքվեի։
«Հանրաքվեի օրը ճակատը հետևելու է քվեարկության գործընթացին` «ոչ» ձայները պաշտպանելու համար։ Մեր նպատակն է տապալել հանրաքվեն», – ընդգծեց Մարտիրոսյանը։
Նախօրեին երեկոյան «Նոր Հայաստան» ճակատը հանրահավաքների շարք սկսեց` դեկտեմբերի 6–ին նախատեսված սահմանադրական բարեփոխումները տապալելու, իսկ հետագայում իշխանափոխության հասնելու նպատակով։ Ակցիայի ընթացքում գրանցվել են քաշքշուկներ ոստիկանների և ցուցարարների միջև, իսկ կեսգիշերին մոտ ընդդիմադիրներն Ազատության հրապարակում պաստառներից կառուցեցին ինքնատիպ վրաններ և հայտարարեցին անժամկետ նստացույց անցկացնելու մասին։
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6–ին։ Բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։–0–