Երևանում ամուսինները թրաֆիքինգի են ենթարկել քաղաքացուն

10.06.2019, 16:43
Երևանում ամուսինները թրաֆիքինգի են ենթարկել քաղաքացուն:
Երևանում ամուսինները թրաֆիքինգի են ենթարկել քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ամուսինների կողմից երկու և ավելի անձանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքերի հանգամանքները. վերջիններիս մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

2019թ.-ի մայիսի 15-ին Երևանի չափահաս բնակիչը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2018 թվականից ամուսիններն իրեն առաջարկել են Երևան քաղաքի Աբովյան փողոցում վաճառել անձեռոցիկներ, ինչից հետո, բռնություն գործադրելով և դա գործադրելու սպառնալիքով, վերցրել են այդ կերպ վաստակած ողջ գումարը և նույն եղանակով հարկադրել են մինչ 2019թ. մայիս ամիսն զբաղվել այդ աշխատանքով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների հետ համատեղ մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքերի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություններ կատարած անձանց ինքնությունը:

«Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ ամուսինները՝ ծնված 1976 և 1970թթ., Երևան քաղաքի երեք, այդ թվում՝ մուրացկանությամբ զբաղվող՝ Երևան քաղաքի երկու բնակիչների վիճակի խոցելիությունն օգտագործելով, ինչպես նաև՝ վերջիններիս առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով և այդպիսի սպառնալիքներով նրանց ենթարկել են թրաֆիքինգի. նրանց ներգրավել են հարկադիր աշխատանքի մեջ, կազմակերպել նրանց կողմից անձեռոցիկների մանրածախ առևտուրն ու մուրացկանությունը և վերցրել այդ կերպ «վաստակած» գումարները», - նշվում է տարածած հաղորդագրությունում:  

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 43-ամյա տղամարդուն և 49-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով` վիճակի խոցելիությունն օգտագործելով, ինչպես նաև առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով և այդպիսի սպառնալիքներով երկու և ավելի անձանց թրաֆիքինգի՝ շահագործման ենթարկելու դեպքերի համար: Ամուսինների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:-0-