ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունն ակտիվորեն սկսել է հետաքրքրվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ֆինանսական հոսքերով, գրում է «Ժամանակ» թերթը։
Թերթի հաղորդմամբ` մոտ 10 օր առաջ ընկերությունում ստուգումներ էին իրականացվում։ Առաջիկայում պարզ կլինեն ստուգումների արդյունքները։
Նշվում է նաև, որ ստուգումը պայմանավորված է թերթի հրապարակմամբ, որում անդրադարձ է կատարվել ընկերության ռեբրենդինգի նպատակով 120 հազար դոլարի փոշիացմանը, գրում է թերթը։
ՀԿԵ–ի մամուլի քարտուղար Վարդան Ալոյանը հրատարակությանը հայտարարել է, որ «առաջին անգամ է լսում ստուգումների մասին»։
Պատասխանելով այն հարցին, թե հերքու՞մ է նա, արդյոք, այն փաստը, որ ընկերությունում ստուգվում են ֆինանսական հոսքերը` Ալոյանը նշեց, որ «չի հերքում, այլ պարզապես չի տիրապետում նման տեղեկատվության»։
Մամուլի քարտուղարը նաև խոստացավ առաջիկայում ներկայացնել լրացուցիչ տեղեկատվություն։
«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:–0–