Որոշ պաշտոնատարներ ենթարկվել են պատասխանատվության՝ զինգրքույկներում գրառումների հարցով

05.02.2017, 17:22
ՀՀ ՊՆ-ում ուսումնասիրվում են զորացրված զինծառայողների զինգրքույկներում մարտական հերթապահություն իրականացնելու, մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումների առկայության կամ դրանց վավերականության վերաբերյալ ահազանգերը:
Որոշ պաշտոնատարներ ենթարկվել են պատասխանատվության՝ զինգրքույկներում գրառումների հարցով

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Զորացրված զինծառայողների զինգրքույկներում գրառումների վավերականության ապահովման հարցերն ուսումնասիրվում են ՀՀ ՊՆ-ի կողմից:

Ինչպես հաղորդում են գերատեսչությունից, նախարարությունում հետևողականորեն ուսումնասիրվում են «Թեժ գծով» ստացված՝ զորացրված զինծառայողների զինվորական գրքույկներում մարտական հերթապահություն իրականացնելու, մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումների առկայության կամ դրանց վավերականության վերաբերյալ ահազանգերը:

Խնդիրը հանրային հնչեղություն է ստացել, հատկապես՝ հանրապետության բուհերում ուսման վարձի մասնակի փոխհատուցման արտոնությունից օգտվողների շրջանակը պարզելու առումով:

Ապրիլյան պատերազմի մասնակից 475 ուսանողներ ուսման վարձի զեղչ են ստացել>>

«Ձեռնարկվում են միջոցներ՝ թերությունները շտկելու, սխալների կրկնվելը բացառելու ուղղությամբ՝ զինգրքույկներում ապահովելով զորացրված յուրաքանչյուր զինծառայողի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվելու իրավունքները հավաստող գրառումներ», - նշվում է հաղորդագրության մեջ:

«Թեժ գծով» հնչած յուրաքանչյուր ահազանգ մանրակրկիտ ուսումնասիրվել է և առ այսօր՝ զորացրված զինծառայողների կողմից զինվորական գրքույկներում 2016թ. ապրիլի 2-ից 6-ը տեղի ունեցած մարտերին մասնակցելու մասին համապատասխան գրառումների վերաբերյալ ներկայացվել է 75 դիմում-բողոք:

Հաղորդագրության համաձայն, 70 դիմում-բողոքներում ներկայացված հարցերը չեն հիմնավորվել, քանի որ տվյալ զորամասերի ստորաբաժանումները նշված ժամանակահատվածում մարտերին չեն ընդգրկվել, զորամասերի պաշտպանության տեղամասերում հակառակորդի կողմից գրոհներ (հարձակողական գործողություններ) չեն իրականացվել: Տվյալ զորամասերն իրականացրել են մարտական հերթապահություն, հետևաբար զինվորական գրքույկներում կատարվել են գրառումներ միայն մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ:

«1 զինծառայողի վերաբերյալ, ով մասնակցել է մարտերին և պարգևատրվել է «Արիություն» մեդալով` զինվորական գրքույկում համապատասխան գրառում կատարված չի եղել, իսկ 4 զինծառայողների վերաբերյալ փաստաթղթերում հաշվառված տվյալները ճշգրտման կարիք ունեն», - հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Դիմում-բողոքներում արտացոլված խնդիրների ուսումնասիրման, թերությունների վերացման, մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար ԼՂՀ պաշտպանության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ և որոշ պաշտոնատարներ արդեն ենթարկվել են պատասխանատվության:

Միաժամանակ, գերատեսչությունից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը համագործակցում է ՀՀ ԿԳ նախարարության, պետական բուհերի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ՝ ապրիլյան գործողությունների ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած զինծառայողների ուսման վարձի՝ օրենքով սահմանված մասնակի փոխհատուցման չափը հնարավորինս ավելացնելու նպատակով: -0-