Վերջին օրերի ընթացքում սիրիահայ չորս ընտանիք է տեղափոխվել Հայաստան

11.10.2016, 16:42
Սեպտեմբերի 22-ին Հալեպի արևելյան շրջաններում ռազմական գործողությունների վերսկսումից հետո Հալեպից չորս սիրիահայ ընտանիք տեղափոխվել է Հայաստան, հայտարարեց «Օքսֆամ» հայկական գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:
Վերջին օրերի ընթացքում սիրիահայ չորս ընտանիք է տեղափոխվել Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 22-ին Հալեպի արևելյան շրջաններում ռազմական գործողությունների վերսկսումից հետո Հալեպից չորս սիրիահայ ընտանիք տեղափոխվել է Հայաստան, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Օքսֆամ» հայկական գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:

«Սոցիալական ցանցերում տեղեկատվություն է հայտնվել, որ Սիրիայից Հայաստան են պատրաստվում հայրենադարձ լինել շուրջ 600 հայեր, որոնցից 250-ը իբր արդեն տեղափոխվել են: Այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: ՀՀ սփյուռքի նախարարության տվյալներով, վերջին օրերին Սիրիայից Հայաստան է տեղափոխվել երեք ընտանիք, ևս մեկը կժամանի այսօր», - նշեց Հակոբյանը:

Նրա խոսքով, չկա Հայաստան տեղափոխվել ցանկացողների և օգնության կարիք ունեցողների համապատասխան ցուցակ, հետևաբար հայկական կողմը չի կարող բռնի կերպով ստիպել ինչ-որ մեկին լքել Սիրիան:

«Օքսֆամ» հայկական գրասենյակն արդեն երկրորդ տարին է, ինչ օգնություն է ցուցաբերում պատմական հայրենիք վերադարձած սիրիահայերին, մասնավորապես, ապահովում է առաջին երեք ամիսների ընթացքում բնակարանների վարձի հատուցումը:

«Դրանք այն ընտանիքներն են, ովքեր ծանր սոցիալական վիճակում են և բնակարանի վարձակալման կարիք ունեն: Այդ երեք ամիսների ընթացքում նրանց հատկացվող գումարը կազմում է 60-80 հազար դրամ, սակայն եթե երեք ամիս անց ընտանիքը եկամտի կայուն աղբյուր չի գտնում, ապա օգնությունը կարող է տրամադրվել մինչև վեց կամ տասներկու ամիս ժամկետով», - ասաց Հակոբյանը:

2015 թ.-ին նման դրամական օգնություն է ստացել շուրջ 300 ընտանիք, իսկ 2016 թ.-ին` 311 ընտանիք: Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց շարունակել օգնություն տրամադրել այն սիրիահայերին, ովքեր հիմա պատրաստվում են տեղափոխվել Հայաստան:

«Հաշվի առնելով, որ նրանք հավանաբար իրենց հետ ոչինչ չեն ունենա, մենք պատրաստ ենք երկարաձգել ծրագրի ժամկետները», - ավելացրեց Հակոբյանը:

«Առաքելություն արևելք» հասարակական կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արմեն Բեժանյանն իր հերթին ավելացրեց, որ սիրիահայերի սպասվող հոսքի մասին լուրերը վկայում են տեղեկատվության պակասի մասին:

«Հայկական կողմը օգնություն տրամադրելու համար պետք է ունենա այդ քաղաքացիների անունների ցուցակը, իսկ նրանք, Հայաստան տեղափոխվելու մասին որոշում կայացնելու համար պետք է իմանան, թե ինչ է նրանց այստեղ սպասվում: Այդ հարցը համակարգային մոտեցման կարիք ունի: Մեկ կազմակերպության ուժերով ոչինիչ լուծել չի լինի», - ասաց Բեժանյանը:

Սեպտեմբերի 22-ին սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարեց Հալեպի ահաբեկիչների կողմից վերահսկվող արևելյան հատվածներում ռազմական գործողություններ սկսելու մասին:

ՀՀ սփյուռքի նախարարության տվյալներով, պատերազմի5 տարիների ընթացքում Սիրիայում հայկական համայնքը 250 հազարից կրճատվել է մինչև 22-30 հազարի: Այս տարիներին Սիրիայից Հայաստն է տեղափոխվել 20 հազար հայ, որոնցից 17 հազարը մնացել է այստեղ, իսկ 13 հազարը դարձել է ՀՀ քաղաքացի: -0-