ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ:
«Այսօր նշում ենք մեր հայրենիքի կարևորագույն պետական տոնը: Տոն, որը խորհրդանշում է ազատ ու անկախ ապրելու մեր դարավոր կամքն ու նպատակը», - մեջբերում է վարչապետի շնորհավորական խոսքը ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Կարապետյանը նշել է, որ անկախ պետականության քսանհինգամյակին նախորդող ամիսներին մեր երկրին բաժին ընկան լրջագույն մարտահրավերներ, որոնք մեր ժողովուրդը հաղթահարեց իրեն բնորոշ արժանապատվությամբ։
«Այսօր, շնորհավորելով բոլորիս որպես անկախ Հայաստանի կառավարության ղեկավար՝ առաջին հերթին գլուխ եմ խոնարհում անկախության համար մարտնչած և անկախության քսանհինգամյա պատմությունը կերտած հերոսների առջև», - նշվում է շնորհավորական խոսքում:
«Մենք այլևս պատմության քննությունը բռնած պետություն ենք և ունենք բավարար կամք ու ներուժ՝ միասնաբար դիմագրավելու բոլոր փորձությունները, ունենք հանձնառություն՝ ստեղծարար աշխատանքով ամրապնդելու անկախ պետականության ձեռք բերած արժեքները», - ընդգծել է Կարապետյանը:
Չորեքաբթի՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանը նշում է Անկախության 25-ամյակը:
Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ։
Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։ -0-