ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը դատարան է ուղարկել գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղեր վաճառելու պատրվակով Վ.Մանգասարյանի կողմից շուրջ 2 մլրդ դրամի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ.Մանգասարյանը Երևան քաղաքում իրականացրել է բազմաբնակարան շենքերի շինարարություն և ստացել Երևան քաղաքի Մաշտոցի 33Ա և Մաշտոցի 33/1 հասցեներում կառուցվող շենքերից տարածքներ օտարելու իրավունք։
Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Վ.Մանգասարյանը խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով՝ գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղեր վաճառելու պատրվակով, 2005-2011թթ. ընթացքում միասնական դիտավորությամբ բազմաթիվ քաղաքացիներից և ՍՊ ընկերությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` շուրջ 2 միլիարդ դրամ (մոտ 4,2 մլն դոլար) արժողությամբ գույք:
ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից նշել են, որ քրեական գործով բացահայտվել է խարդախությամբ հափշտակության 31 դրվագ, տուժող է ճանաչվել 26 անձ (այդ թվում՝ իրավաբանական)։
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վ.Մանգասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսնգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն):
Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում