ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը կալանավորվեց երկու ամսով։
Խափանման միջոցն ընտրել է Արաբկիր–Քանաքեռ–Զեյթուն համայնքների դատարանը` բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նախօրեին Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։
Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ նա կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Մասնավորապես, Սեֆիլյանն անմիջական շփումներ է ունեցել քրեական գործով որպես մեղաղրյալ ներգրավված տարբեր անձանց հետ, որոնց ուղղակիորեն հանձնարարել է ապօրինի կերպով պահվող զենք և ռազմամթերք փոխադրել, դրանք տեղափոխել և պահել տարբեր վայրերում, ինչպես նաև պատրաստ լինել՝ համապատասխան հրամանի դեպքում օգտագործել դրանք։
ՔԿ–ից նաև հաղորդել են, որ ժիրայր Սեֆիլյանին առաջարկվել է ցուցմունք տալ մեղադրանքի առաջադրման համար հիմք հանդիսացած փաստերի վերաբերյալ, սակայն նա, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, նախընտրել է լռություն պահպանել և ցուցմունք չտալ: Ընդ որում, Սեֆիլյանը ցանկություն չի հայտնել ցուցմունք տալ նաև առերես հարցաքննության ժամանակ և հարցեր ուղղել իր դեմ վկայություն տված անձանց։ Քրեական գործի շրջանակներում կատարվել են մի շարք քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում խուզարկություններ են իրականացվել Սեֆիլյանի բնակարանում և աշխատավայրում, առգրավվել համակարգիչներ, փաստաթղթեր և այլ նյութեր:
«Նախաքննական մարմինը, գնահատելով իր տրամադրության տակ եղած ապացույցների համակցությունը, ժ.Սեֆիլյանին մեղսագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, ինչպես նաև՝ նրան անազատության մեջ պահելու համար անհրաժեշտ բավարար հիմքերի առկայությունը, որոշում է կայացրել միջնորդություն ներկայացնել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Սույն քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 9 անձ, որոնց թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը։ Մեղադրյալներից մեկի գտնվելու վայրն անհայտ է, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հանձնարարություն տրվել համապատասխան մարմիններին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում