«Սասնա ծռերը» հայտարարություն են տարածել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Սասնա ծռեր» կուսակցությունը չորեքշաբթի հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ` խիստ մտահոգություն հայտնելով նախկին իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդեգրած «մեղմ» մարտավարության կապակցությամբ, հաղորդում է կուսակցության մամուլի ծառայությունը։
Նախօրեին` հոկտեմբերի 2–ին, ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմամարդ հանրահավաք կազմակերպեց, որի ժամանակ հայտարարեց, որ աշխատանքից ազատում է ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին։ Փաշինյանը նաև նշեց, որ նախարարների` աշխատանքից ազատման դիմումների դե–յուրե ուժի մեջ մտնելուց հետո նա հրաժարական կտա։
Ավելի ուշ նա գնաց խորհրդարան` բանակցելու խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Փաշինյանի խոսքով, ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն այն մասին, որ ԲՀԿ, ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, և խորհրդարանը կարձակվի, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերի առաջին կեսից ոչ ուշ։
«Երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին լուրջ մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն համազգային մոբիլիզացիայի և ազգային ռեսուրսի ամբողջական ու արդյունավետ կիրառման պարագայում: Մինչդեռ նախկին ռեժիմին կիսատապալված վիճակում թողնելու և նրա հետ ժողովրդի կամքի ոտնահարմամբ, ժողովրդի իրավունքներն ու շահերը ոտնահարելու համար բռնությամբ ու կեղծիքով ընդունված այսպես կոչված սահմանադրությանն ու այսպես կոչված օրենքներին համապատասխան վարվելու պատճառով ժողովրդի հաղթանակը վտանգի տակ է հայտնվում», – նշվում է «Սասնա ծռերի» հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, միակամ և գերիշխան (սուվերեն) ժողովրդի կամքն է իրական և կենդանի Սահմանադրությունն ու Օրենքը, «ուստի հարկավոր է առաջնորդվել դրանով, սահմանել անցումային փուլ, պետությունը կառավարել անցումային ժողովրդավարության միջոցով և կիրառել անցումային արդարադատություն, ինչի շնորհիվ ոչ միայն կբացառվի քաղաքական ցնցումների որևէ հնարավորություն, այլև պետությունը շատ կարճ ժամկետում և արդյունավետ կերպով դուրս կգա կառավարման ճգնաժամից և ոտք կդնի զարգացման ուղու վրա»։
«Կոչ ենք անում անսալ ժողովրդի կամքին ու հեղափոխության տրամաբանությանը և համարժեք քայլեր կատարել օր առաջ այս վտանգավոր վիճակը հաղթահարելու ուղղությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–

