«Սասնա ծռերն» առաջարկում է ստեղծել անցումային շրջանի պետական կառույց

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Սասնա ծռեր» նախաձեռնող խմբի անդամները երեքշաբթի ասուլիսի ժամանակ ներկայացրել են ՀՀ–ում անցումային շրջանի պետական կառույցների ձևավորման քայլերը։
Այսպես, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ օգոստոսի 17–ին որևէ քայլ չարվեց ՀՀ–ում անցումային արդարադատություն ստեղծելու համար։
Օգոստոսի 17–ին Երևանում կայացած հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հասարակությունը չի վստահում դատական մարմիններին ու հարկավոր է ստեղծել «անցումային արդարադատության» մարմիններ։ Նա նաև նշել է, որ հրաժարվել է դատական իշխանությանը հրամաններ տալու արատավոր պրակտիկայից, սակայն «դա չի նշանակում, որ որոշ դատավորներ պետք է հրամաններ ստանան նախկին կոռումպացված իշխանությունների ներկայացուցիչներից»։
«Եթե չստեղծվեն անցումային շրջանի և անցումային արդարադատության համակարգեր, ինչը կարտահայտվի կոնկրետ քայլերով, ապա Հայաստանում կուտակված խնդիրները, որոնք դեռ չեն սպառնում հեղափոխությանը, կարող են խորանալ համակարգային անցման բացակայության դեպքում», – նշեց նա։
Շարժման անդամի խոսքով, անցումային շրջանի էությունը կառավարությանը լրացուցիչ լիազորություններ տրամադրելն է։
«Լրացուցիչ լիազորությունները չեն նշանակում լեգիտիմության դեֆիցիտ։ Հակառակը, այդ արտակարգ լիազորությունները պետք է փոխանցվեն հանրաքվեի միջոցով որոշակի ժամանակով», – ասաց Ենիգոմշյանը։
Նա նաև նշեց, որ հիմա գործող օրենսդիր իշխանությունը չի ներկայացնում նոր Հայաստանն ու հանդիսանում է սպառնալիք նրա համար, ինչի կապակցությամբ նա առաջարկեց կալանավորել նախկին ռեժիմի բոլոր ներկայացուցիչներին ու ստեղծել անցումային արդարադատության մարմին։
Նախաձեռնող խմբի անդամ Արեգ Կյուրեղյանն իր հերթին ներկայացրեց «Սասնա ծռերի» առաջարկած քայլերը, որոնք ուղղված են երկրում կուտակված խնդիրների լուծմանը։
«Հարկավոր է ստեղծել կառավարություն, որը ժողովրդական հանրաքվեի միջոցով կստանձնի արտակարգ լիազորություններ, պետք է ստեղծել անցումային արդարադատության մարմին, լուծարել գործող խորհրդարանն ու կազմակերպել խորհրդարանական նոր ընտրություններ։ Պետք է նաև կազմել այն մարդկանց ցանկը, ովքեր հանցավոր համագործակցություն են հաստատել նախորդ ռեժիմի հետ և պատժել նրանց», – նշեց նա։
Կյուրեղյանը նաև ասաց, որ գործող օրենսդրությունը պետք է կիրառվի այն ծավալով, որը չի հակասում հեղափոխությանը։
Օգոստոսի 23–ին «Սասնա ծռեր» զինված խմբի մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ խումբը դադարեցնում է զինված պայքարն ու սկսում քաղաքական գործունեությունը, ինչպես նաև ստեղծում համանուն կուսակցություն։–0–