Ռուսաստանի համար Հայաստանը կարևորագույն ռազմավարական գործընկեր է. ՌԴ դեսպանն այցելել է ԱԱԾ
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր` օգոստոսի 3-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։
Հանդիպման սկզբում տնօրենը շնորհավորել է Ս. Կոպիրկինին՝ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաջող և արդյունավետ աշխատանք մաղթեց:
Անդրադառնալով երկու երկրների միջև հաստատված ամուր համագործակցությանը՝ Վանեցյանը նշել է, որ այդ բարեկամությունը նպաստում է երկու պետությունների տարբեր գերատեսչությունների փոխգործակցության ամրապնդմանը, իսկ Հայաստանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների միջև համագործակցությունն՝ էլ ավելի ամրապնդում արդեն գոյություն ունեցող հարաբերությունները:
Դեսպան Կոպիրկինը նույնպես կարևորել է երկու գերատեսչությունների փոխշահավետ համագործակցությունը՝ նշելով, որ Ռուսաստանի համար Հայաստանը մի շարք ուղղություններով համատեղ գործունեության կարևորագույն ռազմավարական գործընկեր է:
Հանդիպման ավարտին երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել շարունակել և առավել սերտացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ու արտաքին հետախուզության ծառայության միջև համագործակցությունը՝ մասնագիտական բոլոր ուղղություններով:–0–

