Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ. գլխավոր դատախազ

28.11.2018, 12:36
«Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ», –  հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ. գլխավոր դատախազ

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, այս մասին այսօր Վերաքննիչ դատարանում մեկնարկած նիստից առաջ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Վերաքննիչն այսօր շարունակում է քննել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքը։

«Մեր դիրքորոշումն այն է, որ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ։ Եվ մենք պաշտպանում ենք, մենք բերում ենք այն հիմնավորումները, որոնք վկայում են, որ կա անհրաժեշտություն քննության այս փուլում, որպեսզի երկրորդ նախագահը գտնվի կալանքի տակ», – նշեց Դավթյանը։

Նրա խոսքով, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքին առնչվող առանձին իրավական հարցերը մասնագիտական լայն շրջանակներում քննարկման առարկա են դարձել։

«Ես անձամբ վճռաբեկ բողոք ներկայացրեցի` համապատասխան հիմնավորումներով, տեղյակ եք նաև, որ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարեց, տվեց ամենակարևոր հարցի հիմնական պատասխանը` մեր բողոքին համապատասխան, և գործն ուղարկվեց Վերաքննիչ դատարան` նոր քննության։ Եվ դրանով պայմանավորված` ես նպատակահարմար համարեցի, որ ինքս այդ ամբողջ խնդիրները ներկայացնեմ Վերաքննիչ դատարանում։ Նիստն ընդմիջվել է, այսօր կշարունակվի, կմասնակցեմ այսօրվա նիստին նաև և կներկայացնեմ մեր դիրքորոշումը», – ասաց ՀՀ գլխավոր դատախազը։

Անդրադառնալով Քոչարյանի կալանքի համար անհրաժեշտ հիմնավորումների ներկայացմանը` Դավթյանը նշեց, որ նրանք Վերաքննիչ դատարանում այդ փուլին չեն հասել։

«Այսօր կարծում եմ `արդեն կանցնենք ըստ էության քննությանը։ Եվ այդ ընթացքում կներկայացնենք ինչպես հիմնավոր կասկածին առնչվող մեր դիրքորոշումը, այնպես էլ կալանքին առնչվող մեր հիմնավորումը», – նշեց Դավթյանն` ընդգծելով, որ Մարտի 1–ի վերաբերյալ քրեական գործի այսօրվա փաստակազմը տրամագծորեն տարբերում է 2008 թ.–ի քննության փաստակազմից։

«Այսինքն` ձեռք բերված տվյալները բացարձակապես այլ տեղեկությունների մասին են խոսում։ Եվ փաստակազմի էական տարբերության պայմաններում Ռոբերտ Քոչարյանին այսօրվա առաջադրված մեղադրանքը որևէ հակադրության մեջ չի մտնում 2008 թ.–ին քննված քրեական գործով ձեռք բերված տվյալների հիման վրա կայացված դատական ակտերի հետ»,– նշեց գլխավոր դատախազը։

Նրա խոսքով, այսօրվա քննությամբ ձեռք բերված տվյալներն առանձին դեպքերում նաև վկայում են նախկինում կայացված որոշակի դատական ակտերի վերանայման առերևույթ հիմքերի մասին։

«Եվ բնականաբար, հատկապես որ հայտնի է, որ եվրոպական դատարանն առանձին գործով արդեն հայտնել է դիրքորոշումներ, այս լույսի ներքո մենք կունենանք նաև նախկինում կայացված առանձին դատական ակտերի վերանայման գործընթացներ», – ասաց Դավթյանը` ևս մեկ անգամ ընդգծելով, որ փաստակազմի էական տարբերությունը հակադրության մեջ չի դնում այսօրվա մեղադրանքի և նախկինում կայացված դատական ակտերի գոյությունը։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 28–ին որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1–ի գործի շրջանակում։ Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13–ին բավարարեց Քոչարյանի փաստաբանների` կալանքի փաստը բողոքարկելու միջնորդությունը։ Միջնորդությունը բավարարվեց` հաշվի առնելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը։ Քոչարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։ -0-