Փաշինյանը պատմել է որդու ծառայության մասին

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր որդին ապրում է սովորական շարքային զինծառայողի կյանքով։
«Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ, այդ թվում` իմ որդին, այս պահին ծառայում են բանակում։ Իմ որդին ապրում է սովորական շարքային զինծառայողի կյանքով, ամբողջ 100% կատարում է այն պարտականությունները, որոնք պետք է կատարի ՀՀ Զինված ուժերի շարքային զինծառայողը», – ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ չի եղել մի դեպք, երբ պաշտոնյաները դիմել են իրեն իրենց որդիներին բանակից ազատելու կամ տարկետում ձևակերպելու համար, սակայն եղել են դեպքեր, երբ գրավոր խնդրել են արվեստի գործիչների համար։
Այս համատեքստում վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ դժգոհ է բանակի սննդի որակից։
«Ես ինքս բազմիցս եղել եմ դիրքերում և փորձել եմ սնունդը։ Դա սարսափելի է, և մենք այդ խնդրով լրջորեն զբաղվել ենք, զբաղվում ենք և պետք է զբաղվենք։ Սակայն պետք է հասկանանք, որ նման ծավալի խնդիրն անհնար է լուծել մեկ օրում», – ասաց նա։–0–