Փաշինյանը մտադիր է շարունակել քաղաքացիական անհնազանդության ակցիաները մինչև իշխանափոխության ապահովումը
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի Արմենիա/. Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մտադիր է շարունակել ժողովրդական ճնշումը մինչև երկրում իշխանափոխության ապահովում, ասել է նա «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում:
«Ժողովուրդը չի կարող բաց թողնել իր հաղթանակը: Անկեղծությամբ եմ ասում՝ այն, ինչ էդ կաբինետներում, դահլիճներում տեղի է ունենում, դա արդեն էական չի, էականը սա է, էականը սա է, որ Հայաստանում ժողովուրդ-իշխանություն հին հարաբերություն էլ չի լինելու՝ կապ չունի ով կլինի՝ ես կլինեմ, ուրիշը կլինի, դրանք տեխնիկական հարցեր են, բայց իշխանություն-ժողովուրդ հին հարաբերությունը չկա այլևս և չի լինելու այլևս։ Եվ այն, որ դպրոցականներն են մասնակցում այս պրոցեսին, դա երաշխիք է, որ ոչ թե 10-20 տարի այդպես չի լինելու, այլ 100 տարի այդպես չի լինելու, իսկ որ 100 տարի այդպես չեղավ, այդ ավանդույթը հավերժ շարունակվելու է։ Այսինքն՝ Հայաստանի ժողովրդավարական ապագային որևէ բան չի սպառնում, ես դրանում համոզված եմ», - ասել է Փաշինյանը:
Միաժամանակ, նա նշել է, որ պարտաստ է իրավիճակի զարգացման բոլոր հնարավոր սցենարների, և յուրաքանչյուր սցենարի դեպքում ունի իր գործողությունների ծրագիրը։
Ըստ նրա, վերջին 15 օրվա ընթացքում հանրապետությունում քաղաքական վիճակն ամեն օր փոխվում էր և շուտով կփոխվի ամեն ժամ, և դա կախված կլինի իրավիճակի վերլուծությունից։
«Իշխանությունները միայն բիրտ ուժն են հասկանում: Նրանք ուզում են մարդկանց ջղայնացնել, հունից հանել, բայց դա նրանց մոտ չի ստացվելու։ Երեկ անընդհատ խոսում էին սրացումներից, բախումներից, ի՞նչ բախման մասին է խոսքը՝ ժողովրդի 95 տոկոսը շարժման աջակից է, ո՞վ ո՞ւմ հետ է բախվելու: Հիմա էլ խոսում են, թե է սինչը սադրիչ խումբ է ուղարկել, բախումներ են հրահրում, ոչ մի բախում ոչ ոք չի կարող հրահրի, ամբողջ իրավիճակը 100 տոկոսով գտնվում է մեր վերահսկողության տակ», - հայտարարել է Փաշինյանը:
Նա նշել է որ անգամ եթե ակցիայի մասնակիցների շարքերում սադրիչներ հայտնվեն, ապա ժողովուրդը բռնությանը բռնությամբ չի պատասխանելու։ Նման դեպքերում նա կոչ է արել համախոհներին վնասազերծել նման մարդկանց առանց բռնության՝ բռնել նրանց ոտքերից ու ձեռքերից, պարկացնել գետնին ու մի քանի հոգով նստել վրեն:
Նա նաև կոչ է արել իր համախոհներին փակել բոլոր ճանապարհները, բացառությամբ Արցախ տանող ճանապարհների, ինչպես նաև չարգելափակել ԱԻՆ մեքենաների տեղաշարժը:–0–

