Փաշինյանը կոչ արեց ԱԺ–ին չքվեարկել իր թեկնածության օգտին

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է իմ թեկնածությունը միայն ֆորմալ բնույթ ապահովելու համար, հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` չորեքշաբթի ԱԺ–ում ելույթ ունենալով վարչապետի ընտրություններից առաջ։
Նախօրեին «Ելք» խորհրդարանական խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։
«Ես առաջաադրվել եմ «Ելք» խմբակցության կողմից, որպեսզի չընտրվեմ։ Համապատասխանաբար, այսօր ԱԺ–ն չպետք է քվեարկի իմ թեկնածության օգտին։ Առաջադրման իմաստն այն է, որպեսզի կասկածի տակ չդրվի առաջիկա խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը», – ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, դեկտեմբերին, անկասկած, կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք պետք է դառնան 2018 թ.–ի ապրիլ–մայիսին սկսված թավշյա հեղափոխության հաղթական ավարտը։
Ըստ Սահմանադրության, վարչապետի հրաժարականից 7 օր անց ավարտվում է վարչապետի պաշտոնում թեկնածուների առաջադրման ժամկետը։ Հաշվի առնելով այն, որ Փաշինյանը հրաժարական է տվել հոկտեմբերի 16–ին` թեկնածուների առաջադրման ժամկետը լրացել է հոկտեմբերի 23–ին, իսկ ԱԺ հատուկ նիստը նշանակվել է հոկտեմբերի 24–ին։
Եթե քվեարկությունից հետո յոթնօրյա ժամկետում վարչապետ չի ընտրվում, ապա անցկացվում են նոր ընտրություններ, որոնցում մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները։ Եթե վարչապետը չի ընտրվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ապա ԱԺ–ն լուծարվում է իրավունքի ուժով։
Հոկտեմբերի 16–ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ԱԺ–ն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սասրգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Նախատեսվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի կեսին։–0–