Փաշինյանը խոսել է զինծառայողների սննդի որակի լավացման մասին
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով նախօրեին այցելել էր Արցախի շփման գծի արևելյան հատվածի մի շարք զորամասեր, նշել է զինծառայողների սննդի հետ կապված խնդիրների լուծման անհրաժեշտությունը։
Նրա խոսքով, հիմա ակտիվորեն քննարկվում են, մասնավորապես, սննդի ապահովման հետ կապված խնդիրները, և կիրականացվի այսպես կոչված պիլոտային ծրագիր` հասկանալու համար, թե ինչքանով է էֆեկտիվ։
«Պարզ է, որ գործող համակարգը ոչ մեկին չի գոհացնում` ո′չ հրամանատարական կազմին, ո′չ զինվորներին, ո′չ ծնողներին», – հայտարարել է Փաշինյանը NewsPortal–ի տարածած տեսանյութում։
Նրա խոսքով, շատ դեպքերում այդ կենցաղային հարցերի լուծման գործում հրամանատարության ներգրավվածությունը զինվորներին անպատեհորեն շեղում է զուտ մարտական, զինվորական պատրաստվածության խնդիրների լուծումից։
«Մենք խնդիր ունենք, որպեսզի զինվորականությունը զբաղվի մաքուր զինվորական գործով, իսկ կենցաղային ապահովման հարցերում այդքան շատ ժամանակ և էներգիա չծախսի», – ընդգծել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։
Այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պաշտոնատար այլ անձինք։–0–

