Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Ամուլսարի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ

21.08.2019, 15:28
Մասնակցում էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը:
Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Ամուլսարի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` օգոստոսի 21-ին, խորհրդակցություն է անցկացրել «Ամուլսարի» հարցի շուրջ: Այդ մասն Նկոլ Փաշինյանը գրել է Facebook-ի իր էջում:

«Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով: Մասնակցում էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը: Ինձ հետաքրքրում էին նախագծված գործընթացի հնարավոր փուլերը՝ շոշափելիորեն, հնարավոր ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդներն ու կառավարության ունեցած լծակները: Շարունակում ենք աշխատել այս խիստ կարեւոր թեմայի վրա», - գրել է նա:

Վարչապետը հայտնել է նաև, որ այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետևյալ հանձնարարությամբ.

Պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում:

Օգոստոսի 19–ի առավոտյան նախագահականում անցկացվել է խորհրդակցություն Ամուլսարի հարցի շուրջ, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, համայնքների ղեկավարները, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները և բնապահպանները:

Խորհրդակցության արդյունքներով, չհաջողվեց հասնել կոնսենսուսի` կառավարությունը մտադրություն է հայտնել թույլ տալ հանքավայրի շահագործման վերսկսումը։ -0-