Փաշինյանն անընդունելի է համարել Կարապետյանի առաջարկած` արտահերթ ԱԺ ընտրությունների անցկացման տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի առաջարկած` արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման տարբերակն անընդունելի է։
Նախօրեին Փաշինյանը հայտարարել է, որ չորեքշաբթի Կարապետյանի հետ նախատեսված բանակցությունները չեն կայանա, և բողոքի շարժումը վերսկսում է քաղաքացիական անհնազանդության տոտալ ակցիաները, քանի որ թավշյա հեղափոխությունը պետք է հասնի իր տրամաբանական ավարտին։ Դրան ի պատասխան` Կարապետյանը հայտարարեց, որ ընդդիմությունն առաջ է քաշել նոր պահանջներ, ինչպես նաև նշեց, որ դիմել է ՀՀ նախագահին` առաջարկելով բոլոր քաղաքական ուժերին քննարկել ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:
«Հիմա արդեն ակնհայտ է, որ ՀՀԿ–ն և Կարեն Կարապետյանը մտածում են, որ ՀՀ քաղաքացին և ժողովուրդն իրեն բավարարված է զգում Սերժ Սարգսյանի հրաժարականով և ժամանակն է մտածել ՀՀԿ–ի վերարտադրության մասին։ Կարծում եմ, որ այս իրավիճակում պետք է հստակ մեր դիրքորոշումն արտահայտենք և արձանագրենք, որ իրադարձությունների նման զարգացումը չի կարող մտնել հեղափոխության պլանների ու ծրագրերի մեջ», – հայտարարեց Փաշինյանը Facebook–յան իր էջում կազմակերպված ուղիղ եթերի ժամանակ։
Նրա խոսքով, ՀՀԿ–ի ներկայացուցիչներն ուզում են, որպեսզի ընտրություններն անցկացվեն այնպես, որպեսզի վարչապետի պաշտոնակատարը ներկայացնի այդ կուսակցությունը։
«Մեզ համար դա ոչ միայն անընդունելի է, մենք կարող ենք նաև ակտիվ ձևով բոյկոտել այդ ընտրությունները` շրջափակելով տեղամասերը և թույլ չտալով, որ ՀՀԿ–ն վերարտադրվի։ Կարծում եմ, որ հեղափոխությունը հստակ ուղերձ է հղել` ՀՀ–ում ՀՀԿ–ն այլևս չի կարող իշխանություն ունենալ։ Սերժ Սարգսյանը հեռացել է, բայց պետք է իշխանությունից զրկվեն նաև հանրապետականները, որ Սերժ Սարգսյանը չկարողանա հանրապետականների միջոցով ստվերից կառավարի իշխանությանը», – նշեց Փաշինյանը։
Նա կոչ արեց իր համախոհներին այսօր ժամը 11–ից սկսել փողոցների, կամուրջների, հրապարակումների շրջափակումները, դասադուլները։
«Ինչքան շուտ դե–յուրե արձանագրվի ժողովրդի հաղթանակն, այնքան ավելի լավ։ Եթե մենք կարողացել ենք հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, կկարողանանք առավել ևս հասնել նրան, որ Կարեն Կարապետյանը և հանրապետականները հրաժարվեն ժողովրդի հաղթանակը խլելու իրենց պլաններից», – ավելացրեց ընդդիմության առաջնորդը։
«Պարոն Կարապետյան, ես ուզում եմ շատ հստակ լինել, որ մենք, իհարկե, ձեզ թույլ չենք տա, որ դուք փորձեք նման գործողություններ իրականացնեք և ինչքան շուտ հասկանաք, այդքան ավելի լավ»,– հայտարարեց Փաշինյանը։
Հայաստանում ապրիլի 13–ից մեկնարկած մասշտաբային բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։–0–