Փաշինյանի ակցիան քաղաքական նպատակներ էր հետապնդում. Հանրային ռադիոյի փոխտնօրեն (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիլիթ Թումանյանը կարծում է, որ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ով իր կողմնակիցների հետ պահանջում էր ուղիղ ռադիոեթեր, հետապնդում էր քաղաքական նպատակներ։
Երևանում անցկացվող հանրահավաքի մասնակիցները, Փաշինյանի գլխավորությամբ, շաբաթ օրը ներխուժել են Հանրային ռադիոյի շենք։ Ակտիվիստները բարձրացել են երրորդ հարկ և կոտրելով կենտրոնական ստուդիայի դուռը` պահանջել են ուղիղ եթեր, որը չի տրամադրվել, և Փաշինյանը հայտարարություն է արել ԶԼՄ–ների միջոցով։
«Ես ներս մտա, փորձեցի բանակցել Նիկոլ Փաշինյանի հետ, առաջարկեցի կառուցողական աշխատանք անհնազանդության ակցիան շարունակելու փոխարեն։ Առաջարկեցի նրանց համար ընդունելի` զրույցի վերլուծական ձևաչափ, որոնցում նրանք և քաղաքական այլ գործիչներ, այդ թվում` ընդդիմադիր, երբեք չեն մասնակցել», – ասաց Թումանյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։
Թումանյանի խոսքով, Փաշինյանը, սակայն, ցանկանում էր ոչ թե ուղիղ եթեր, այլ ուզում էր ստեղծել լարված իրավիճակ, որը նրան անհրաժեշտ էր` ելնելով քաղաքական նպատակներից։
«Այդ պատճառով ես կարծում եմ, որ այս ակցիան ոչ թե եթերի պահանջ էր, որը նա միշտ ունեցել է, այդ թվում` Հանրային ռադիոյի կողմից, այն ավելի շատ կրում էր քաղաքական բնույթ։ Ակցիայի նպատակն էր ինչ–որ արմատական քայլեր ձեռնարկելը, որոնք պետք է վստահություն ներշնչեին նրա կողմնակիցների մեջ այն փաստի շուրջ, որ նրանց առաջնորդն ի վիճակի է գնալ կտրուկ քայլերի, պատրաստ է կրիտիկական որոշումների», – ընդգծեց Թումանյանը։
Ուրբաթ երեկոյան Փաշինյանը շուրջօրյա ակցիա է սկսել Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ։ Ակցիայի մասնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակի երթևեկն` ամբողջությամբ արգելափակելով հրապարակի բոլոր հինգ մուտքերը։ Ակցիան շարունակվում է ավելի քան մեկ օր։
Մարտի 31–ից Նիկոլ Փաշինյանը սկսել է բողոքի ակցիաներ հանրապետության մարզերում։ Նա երթ է սկսել Գյումրիում և մինչև ապրիլի 13–ը եղել է Սպիտակում, Դիլիջանում, Սևանում և Հրազդանում` կոչ անելով հասարակությանը ակտիվորեն մասնակցել քաղաքական գործընթացներին։
Ապրիլի 9–ին տեղի ունեցավ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Նա դարձավ պետության առաջին ղեկավարը, որին ընտրեց ԱԺ–ն խորհրդարանական իշխանավարման համակարգին անցնելուց հետո։ Նույն օրը դադարեցվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, և կառավարությունը հրաժարական տվեց։
Կառավարության ղեկավարի պաշտոնին թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է ապրիլի 9–ին և կավարտվի ապրիլի 16–ին։ Վարչապետը կընտրվի ՀՀ ԱԺ–ի կողմից ապրիլի 17–ին։–0–