Փաշինյան. հայ–վրացական հարաբերությունները հարկավոր է պաշտպանել աշխարհաքաղաքականությունից

01.05.2018, 16:41
«Հայ–վրացական հարաբերությունները հարկավոր է մաքսիմալ կերպով պաշտպանել աշխարհաքաղաքական ներգործություններից», – հայտարարել է ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյան. հայ–վրացական հարաբերությունները հարկավոր է պաշտպանել աշխարհաքաղաքականությունից

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ–վրացական հարաբերությունները հարկավոր է մաքսիմալ կերպով պաշտպանել աշխարհաքաղաքական ներգործություններից, հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ հատուկ նիստի ընթացքում։

Մայիսի 1–ին ԱԺ–ում անցկացվում են ՀՀ վարչապետի ընտրությունները։

Загружается новость ... "Лево"

«Շատ դեպքերում մեր լարվածությունն առաջացել է ոչ թե մեր միջև ընթացող գործընթացների բնական պատճառներով, այլ այն պատճառով, որ հայ–վրացական հարաբերությունները դիտարկվել են այլ հարաբերությունների պրիզմայով», – ասաց նա` պատասխանելով հայ–վրացական հարաբերությունների հեռանկարների մասին պատգամավորներից մեկի հարցին։

Նրա խոսքով, եղել են բարիդրացիական հարաբերությունները խեղաթյուրելու և որոշակի ռիսկեր ստեղծելու բազմաթիվ փորձեր։

«Բարեբախտաբար, և' Հայաստանում, և' Վրաստանում կա այդ ռիսկերի նկատմամբ վերահսկողության որոշակի մթնոլորտ։ Անհրաժեշտ է գործարկել նոր քաղաքականություն Վրաստանի հետ հարաբերություններում և այդ երկրի հայ բնակչության նկատմամբ վերաբերմունքում։ Երկու երկրների էության նկատմամբ անհրաժեշտ փոխադարձ հարգանքը պետք է հիմնաքար դառնա հայ–վրացական բարեկամության զարգացման գործում», – ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ ո'չ Հայաստանը, ո'չ Վրաստանը չպետք է ունենան որևէ նկրտումներ միմյանց նկատմամբ։

«Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է վախենանք խոսել խնդիրների մասին։ Բոլոր հարցերը պետք է քննարկվեն և ստանան բարիդրացիական լուծում», – ասաց նա։–0–