Փաշինյան. հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա պետականության ու ինքնիշխանության կորուստ

23.08.2019, 19:00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:
Փաշինյան. հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա պետականության ու ինքնիշխանության կորուստ

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայոթյունը:

«29 տարի է անցել այն օրից, երբ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը: Դա հայ ժողովրդի միասնական և հավաքական կամքի դրսևորումն էր, որով ազդարարվեց հայոց պետականության սկիզբը», - ասված է տարածած հաղորդագրությունում։

Վարչապետը նշել է, որ ինքնիշխանության հաստատման այդ տարիների ամեն օրը մեզ համար եղել է հանրային համակեցության դժվարությունների, ներքին ու արտաքին մարտահրավերների, հայտնի ու թաքուն փորձությունների անընդհատ շղթա, որը կարողացել ենք հաղթահարել դարձյալ միասնական կամքով ու նվիրումով:

«Ղարաբաղյան գոյամարտը, 2016 թվականի ապրիլյան պատերազմը, 2018 թվականի ապրիլ-մայիսի իրադարձությունները ցույց տվեցին, որ հայ ժողովուրդն անհաղթահարելի և անհնարին թվացող խնդիրները կարող է լուծել՝ ապավինելով բացառապես սեփական ներուժին, հավաքական կամքին ու զարգանալու անխախտ հավատին», - նշել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև վստահություն է հայտնել, որ հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա պետականության, ինքնիշխանության ու իրավունքի կորուստ:

«Երկիր մոլորակի վրա Հայաստանի Հանրապետությունը պիտի գոյի հավիտյան՝ բարձր ծածանելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը խորհրդանշող եռագույնը», - նշվում է հաղորդագրությունում:-0-