ՊՆ-ում զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու կանոնակարգ է մշակվում

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 31-ինՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում հանդիպում է անցկացրել զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը, հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՊՆ թեժ գծով և այլ աղբյուրներով ստացված բողոքները, ինչպես նաև ուսումնասիրվել են նախնական հետազոտության արդյունքները:
Մշակվել են գործընթացի կանոնակարգման հիմնական սկզբունքները, որոնք կքննարկվեն բանակային զորամիավորումներում:
Նախագծի մշակման նպատակով կուսումնասիրվի նաև հանրային դիրքորոշումը։
«Հասարակական կազմակերպություններից, փորձագետներից, զինվորների ծնողներից և այլ շահագրգիռ անձանցից կարծիքներ ստանալու նպատակով կարվի լրացուցիչ հայտարարություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–