Օպերայի հարակից հայտնի սրճարանները կքանդեն. քաղաքապետարանն այլընտրանք է գտել (ՖՈՏՈ)

11.01.2019, 18:27
Օպերայի հարակից հայտնի սրճարանները կքանդեն. քաղաքապետարանն այլընտրանք է գտել:
Օպերայի հարակից հայտնի սրճարանները կքանդեն. քաղաքապետարանն այլընտրանք է գտել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և նրա թիմի հանրային հանձնառության համաձայն, քաղաքապետարանն սկսել է Երևանում կանաչ տարածքների վերականգնման և զարգացման գործընթացը։ Այս մասին ուրբաթ Facebook–յան իր էջում նշել է քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Մասնավորապես, Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, ըստ որի, առաջարկվում է նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից (լուսանկարներում նշված է կանաչով):

«Տնտեսվարողների հետ կնքած պայմանագրերի համաձայն, Երևան համայնքը, ի դեմս քաղաքապետարանի, իրավունք ունի ցանկացած պահի՝ 30 օր առաջ ծանուցելու պայմանով, ներկայացնել վարձակալությամբ տրված տարածքն ազատելու պահանջ», – նշված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ Կարապետյանը նշել է, որ կանաչապատման ենթակա տարածքում գործող բոլոր սրճարանները, բացառությամբ մեկի, սրճարանային տարածք ունեն հարակից հատվածներում ևս, այսինքն, կանաչապատվելու է նրանց տնօրինած տարածքների միայն մի մասը:

«Քաղաքապետարանը պայմանագրի սույն դրույթը իրացնելու դեպքում տնտեսվարողին փոխհատուցում տրամադրելու պարտավորություն չունի: Այնուհանդերձ, քաղաքի իշխանությունները հավատարիմ են ձեռնարկատիրությունը խթանելու իրենց քաղաքականությանը, և նշված տնտեսվարողները, բնականաբար, կարող են շարունակել իրենց բիզնեսը քաղաքի այլ, ավելի պատշաճ հատվածներում», – նշված է հաղորդագրության մեջ։

Կարապետյանը նաև նշել է, որ նշված տարածքներն ազատելուց և դրանք բետոնյա ծածկույթներից մաքրելուց հետո քաղաքապետարանը կանաչապատելու է տարածքը արդեն այս գարնան սկզբից:–0–