Օհանյան. եթե չկարողանանք փոխել այսօրվա արատավոր համակարգը խաղաղ ճանապարհով, ապա վաղը կկանգնենք հեղաշրջումների կամ արյունոտ հեղափոխական ցնցումների վտանգի առաջ

27.01.2017, 15:21
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Facebook-յան իր էջում գրառման և տեսանյութի միջոցով զգուշացրել է, որ եթե չկարողանանք փոխել այսօրվա արատավոր համակարգը ընտրությունների միջոցով, ապա վաղը երկիրը կկանգնի արյունոտ հեղափոխական ցնցումների վտանգի առաջ:
Օհանյան. եթե չկարողանանք փոխել այսօրվա արատավոր համակարգը խաղաղ ճանապարհով, ապա վաղը կկանգնենք հեղաշրջումների կամ արյունոտ հեղափոխական ցնցումների վտանգի առաջ
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Facebook-յան իր էջում գրառման և տեսանյութի միջոցով զգուշացրել է, որ եթե չկարողանանք փոխել այսօրվա արատավոր համակարգը ընտրությունների միջոցով, ապա վաղը երկիրը կկանգնի արյունոտ հեղափոխական ցնցումների վտանգի առաջ:

Մասնավորապես, իր գրառման մեջ Օհանյանը նշել է, որ ուզում է անկեղծ և հրապարակայնորեն պատասխանել հանրության կողմից իրեն ուղղված կարևոր հարցերին, թե ինչո՞ւ նա դուրս եկավ պետական համակարգից, որին, նվիրել է իր գործունեության 25 տարին՝ զբաղեցնելով կարևոր ու բարձր պաշտոններ, և ինչո՞ւ խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական հայտ ներկայացնելու որոշում կայացրեց:

«Որպեսզի անկեղծ լինեմ, կցանկանայի բոլորիդ հայացքն ուղղել դեպի ոչ վաղ անցյալ՝ խորհրդային պետություն, և փորձել զուգահեռներ անցկացնել ներկայիս իրավիճակի հետ: Որպես պրոֆեսիոնալ զինվորական՝ ես իմ ծառայությունը սկսել եմ ԽՍՀՄ զինված ուժերում», - գրել է նա:

Օհանյանի խոսքով, ոչ ոք չի կարող ժխտել, որ ԽՍՀՄ-ը ժամանակի հզորագույն ու կայացած պետություններից մեկն էր:

Սեյրան Օհանյանը հանդիպումների ժամանակ շատ կոպիտ է արտահայտվում ՀՀԿ-ի մասին>>
 
«Թե ինչ խորքային խնդիրներ ուներ այդ պետությունն ի սկզբանե, ինչը բերեց փլուզման, այլ քաղաքական վերլուծությունների դաշտից է, բայց ակնհայտ է, որ խորհրդային միության իշխող վերնախավի անհեռանկար գործելաոճը հանգեցրեց ներքաղաքական դրության սրման, ազգամիջյան բախումների, որն էլ բերեց ինքնափլուզման», - հավելել է նա:

Օհանյանի խոսքով, խորհրդային բանակի սպան ապաքաղաքական միավոր էր և բազմազգ պետության կազմում իրավունք չուներ միջամտելու ներքաղաքական կամ ազգամիջյան խնդիրներին: ՀՀ պաշտպանության նախկին նախպարարը նաև նշում է, որ գաղտնիք չէ, թե միլիտարիստական նկրտումներ ունեցող պետության դեմ դուրս գալու դեպքում ինչպիսի հետապնդումների կարող էր նա ենթարկվել:

«Որպես զինվորական՝ ես խորհրդային գաղափարախոսության կրողն էի և առաջամարտիկը, բայց դա չխանգարեց, որպեսզի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքի ժամանակ ճիշտ որոշում կայացնեմ: Ես և իմ համախոհները՝ խորհրդային բանակի շատ հայ սպաներ, ոտքի կանգնեցինք մեր ազգային արժանապատվության և Արցախի պաշտպանության համար», - գրել է Օհանյանը:

Նրա խոսքով, այն ժամանակ էլ քննադատների, ընդդիմախոսների պակաս չկար:

«Իհարկե, որոշումը կայացվել էր բարոյական դաշտում՝ արհամարհելով ապագա բոլոր իրական սպառնալիքները: Ես չէի կարող հեռվից դիտել, թե անզեն ժողովուրդն ինչպես պիտի դիմակայի իրեն պարտադրված, ազգի ոչնչացմանն ուղղված բարբարոսական ոտնձգություններին», - ընդգծել է Օհանյանը:

Նա նշում է, որ կանգնել էր ընտրության առաջ. «Ընտրել հե՞շտ ճանապարհը՝ որպես զինվորական չխառնվել ազգամիջյան բախումներին, հեռանալ Լեռնային Ղարաբաղում տեղակայված գնդի հետ՝ պահպանելով զինվորական հիերարխիայում իր տեղը, թե՞ դժվարը՝ դուրս գալ ԽՍՀՄ զինված ուժերից, դառնալ շարքային ֆիդայի, վտանգել կյանքը՝ մասնակցելով ժողովրդի պայքարին սեփական հողում ապրելու իր իրավունքի համար: Ես ընտրեցի դժվարը», - ընգծում է նա:

Սեյրան Օհանյանը նշում է, որ այսօր խնդիրը Արցախյան գոյամարտում իր դերակատարումը շահարկելը չէ, բայց կարծում է՝ զուգահեռներ անցկացնելն այն ժամանակահատվածի հետ տեղին է, որովհետև այժմ էլ վտանգավոր պահեր են, և նախկին նախարարը, նորից կանգնելով ընտրության առաջ, ընտրել է դժվարինը:

«Իմ նպատակը քաղաքական դաշտում ոչ թե թատերական ներկայացումների մասնակցելն է, այլ` սահմանդրական իրավունքով Հայրենիքի համար մտահոգ, հայրենասեր ուժերին համախմբելը և ժողովրդի անվտանգության ապահովման համար ուղիներ փնտրելը: Ես չեմ զղջում, որ հրաժարվել եմ ինձ առաջարկվող բարձր պաշտոններից. համոզված եմ՝ պետական համակարգում խնդիրներ լուծելու հնարավորությունն արդեն սպառվել էր: Իսկ իմ կյանքի այս որոշումը նույնպես կայացրել եմ ինքնուրույն՝ ապավինելով բարոյական բարձր արժեքներին», - նշել է նա:

ՀՀ ՊՆ նախկին նախարարի գրառման մեջ նշվում է, որ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու, ամուր պետություն ունենալու ակնկալիքով՝ նախկին նախարարը առաջնահերթորեն շեշտը դնում է քայքայված տնտեսության զարգացման վրա:

Նա հարցադրում է անում, թե ի՞նչ էր կատարվել Հայաստանի Հանրապետության տնտեսության հետ հետխորհրդային ժամանակահատվածում և պատասխանելով իր իսկ հարցին նշում, որ կոմունիզմի` ծայրահեղ հավասարության ձգտող գաղափարախոսությունից հետո երկիրը բախվեց տնտեսության բացարձակ ազատականացմանը, որի արդյունքում կարծես թե հայտնվեց Ադամ Սմիթի կողմից նկարագրված 18-րդ դարի տնտեսական հարաբերությունների ժամանակաշրջանում, երբ գրեթե բացակայում է պետության տեսանելի ձեռքը և հասարակական հարաբերությունների պետական կարգավորումը:

«Սոցիալիստական ապրելակերպից հետո ժողովուրդը բախվեց վայրի կապիտալիզմի անմարդկային դրսևորումներին: Այն երկրներում, որտեղ տիրում է այս մթնոլորտը, առաջանում են արյունոտ հեղափոխություններ կամ պետական հեղաշրջումներ», - ընդգծել է նա:

ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին>>
 
Նրա խոսքով, հետխորհրդային մի շարք երկրներում, այդ թվում` Հայաստանում, կապիտալիզմը հաղթեց բոլշևիզմ–սոցիալիզմին, բայց դրա արդյունքում արդարություն չհաստատվեց, այլ տեզի ունեցավ ճիշտ հակառակը: Նա նշում է, որ եվրոպական զարգացած երկրներում, Միացյալ Նահանգներում, Ճապոնիայում կապիտալիզմի և սոցիալիզմի միջև ընթացող կատաղի մրցակցությունը ավարտվեց խաղաղ պայմանագրով, որի հիմքում ընկած են մի կողմից լիբերալ տնտեսական հարաբերությունները, իսկ մյուս կողմից` սոցիալական կողմնորոշում ունեցող հասարակարգը, որն անընդհատ կատարելագործվում է: Նախկին նախարարի խոսքով, ոմանք դա անվանում են դեմոկրատական սոցիալիզմ, մյուսները` ժողովրդական կապիտալիզմ։

«Տարբեր երկրներում կիրառվեցին լիբերալ տնտեսության և սոցիալական կողմնորոշում ունեցող հասարակարգի տարբեր մոդելներ, տարբեր անվանումներով` ճապոնական զարգացման ուղի, շվեդական սոցիալիզմ, անգլո-սաքսոնական բրիտանական ժողովրդական կապիտալիզմ, որտեղ հաստատված են խաղաղ պայմանագրի տարբեր ձևերը: Մոդելների ընտրությունը պայմանավորված էր ազգային առանձնահատկություններով», - մասնավորեցնում է նա։

Օհանյանը նշում է, որ պարզ է, որ նորմալ հասարակարգում պետք է հաստատված լինեն արդար և օրինական հարաբերություններ, որտեղ հարուստներն իրենց ունեցածի մի մասը հարկային ողջամիտ համակարգի միջոցով զիջում են, սոցիալական պատասխանատվություն են ստանձնում հասարակության մյուս շերտերի առաջ, վայելում են հանրության հարգանքը ու չեն վախենում սեփականության կորստից: Նրա խոսքով, այդ բանաձևը կոչվում է պետության բարօրության գաղափար, որն առկա է աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում, և որի կառուցման ճանապարհով պետք է գնան նաև ՀՀ քաղաքացիները` դուրս գալով այսօրվա վայրի կապիտալիզմի ճիրաններից և կառուցելով լիբերալ տնտեսություն և սոցիալական կողմնորոշում ունեցող հասարակարգի հայկական մոդելը` համեմված, բնականաբար, առողջ, ազգային ավանդույթներով:

Նախկին նախարարը անդրադառնում է հին փիլիսոփաներից մեկին, ով ասում էր, որ պետությունն ունի երեք գլխավոր առաքելություն` պաշտպանել իր քաղաքացիներին օտարներից, ապահովել պետության զարգացումն ու քաղաքացիների բարեկեցությունը, պետության մեջ ձևավորել արդարության մթնոլորտ:

«Եթե այս երեք խնդիրներից գոնե մեկը չի լուծվում, ապա առաջանում է ճգնաժամ և վտանգում պետության գոյությունը», - նշում է նա:

Օհանյանի կարծիքով դրա վառ օրինակը Խորհրդային Միության ճակատագիրն էր, որն ուներ աշխարհի ամենահզոր բանակներից մեկը, սակայն իր գոյության վերջին տարիներին պետության զարգացումը կանգ առավ, անվստահության մթնոլորտ ձևավորվեց, խաթարվեցին արդարության, բարոյականության սկզբունքները, ինչի հետևանքով այդ երկիրը փլուզվեց:

«Մենք պետք է հասկանանք հասարակ և կարևոր մի բան. եթե մենք չկարողանաք փոխել այսօրվա արատավոր համակարգը խաղաղ ճանապարհով և ընտրությունների միջոցով, ապա վաղը մենք կկանգնենք հեղաշրջումների կամ էլ արյունոտ հեղափոխական ցնցումների վտանգի առաջ», - ընդծել է նա:

Օհանյանը նշում է, որ ցանկացած նման գործընթաց կհարվածի Հայաստանի, այդ թվում՝ Ղարաբաղի անվտանգությանը և, արագ չկազմակերպվելու պարագայում, կբերի Հարավային Կովկասում տնեսական և ռազմական ոչ բարենապաստ իրավիճակներում սեփական երկրի դիմակայության անկարողությանը:

«Ահա թե ինչու ես բաց քաղաքական դաշտում հանդես գալու որոշում կայացրի և պատրաստվում եմ իմ գաղափարակից ընկերների հետ հանրությանը ներկայացնել այս համակարգը փոխելու առարկայական ծրագիր` այդ փոփոխության ժամանակացույցի հետ միասին», - գրել է նա:

Նախկին նախարարը ավելորդ չի համարում նշել, որ դրական փոփոխությունների հասնելու ճանապարհը ոչ միայն ճիշտ մոդելի ընտրությունն է, այլ նաև իշխող էլիտայի՝ պարբերական բնույթ կրող փոփոխությունը։ Նա նշում է, որ պետական կառավարման համակարգում ունեցած իմ փորձն ու գիտելիքներն օգնում են այդ փոփոխությունների իրականացման գործում։

Բացի այդ, Օհանյանը նշում է, որ, Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, բարձր է գնահատում իր շուրջը համախմբվող, իր քաղաքական հայացքները կիսող և ընդհանուր դաշինքով հանդես գալու առաջարկ ներկայացնող բոլոր քաղաքական գործիչների, կուսակցության առաջնորդների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, անհատների ջանքերը:

«Նրանցից յուրաքանչյուրի խոսքը, մտահոգությունը, ներդրումը կարևոր է լինելու: Միասին ենք ընտրելու պայքարի ուղին՝ ի նպաստ մեր ժողովրդի և նրա ապագայի», - ընդգծել է նա:

Օհանյանը շեշտում է, որ անվերապահորեն իրավացի են այն քաղաքագետներն ու քաղաքական գործիչներր, որոնք գտնում են, որ միայն լայն կոնսոլիդացիայի դեպքում կունենանք ազգային համաձայնություն և կազմակերպված հայտ կներկայացնենք գալիք ընտրություններում:

«Հերի՛ք է միայն խոսել համակարգային փոփոխությունների մասին, բայց կոնկրետ ոչինչ չառաջարկել։ Պետք է մարդկանց ցույց տալ, թե ինչը ինչով է փոխարինվելու և ինչպես է կյանքը փոխվելու», - ընդգծել է ՀՀ ՊՆ նախկին նախարարը։

Ամփոփելով իր խոսքը` Օհանյանը նշել է, որ հաջորդ իր ելույթներում ոլորտ առ ոլորտ անդրադառնալու է Հայաստանի կարևորագույն փոփոխությունների ծրագրին: -0-