Օբաման «հզոր հայտարարություն է» արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ. դեսպան Միլզ

24.04.2016, 13:19
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ իր ամենամյա խոսքում «շատ հզոր հայտարարություն է» արել` անվանելով այն 20-րդ դարում իրականացված վատագույն բարբարոսություններից մեկը:
Օբաման «հզոր հայտարարություն է» արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ. դեսպան Միլզ

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ իր ամենամյա խոսքում «շատ հզոր հայտարարություն է» արել` անվանելով այն 20-րդ դարում իրականացված վատագույն բարբարոսություններից մեկը, Ծիծեռնակաբերդում լրագրողներին հայտարարեց ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը ` պատասխանելով այն հարցին, թե ինչու Օբաման կրկին չի հնչեցրել «Ցեղասպանություն» բառը:

Համայն հայությունն ապրիլի 24–ին նշում է Հայոց ցեղասպանության 101–րդ տարելիցը>>

«Նախագահը հավատարիմ է մնում իր պարտավորություններին, որոնց բոլորս էլ ձգտում ենք, այն է` իրադարձությունների համապարփակ և արդարացի ճանաչմանը (1915 թ.–ի իրադարձություններ, խմբ.): Ե՛վ նախագահը, և՛ ԱՄՆ կառավարությունը կշարունակեն աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի անցյալի իրադարձությունները ամբողջովին ճանաչվեն», - ասաց դեսպանը:

Միլզը կարծիք հայտնեց, որ ԱՄՆ նախագահի նպատակն է արդարություն և խաղաղություն հաստատել Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև, «և մենք հավատարիմ ենք մնում այդ պարտավորությանը և, գտնվելով այստեղ` Անմար կրակի մոտ, մենք դա հաստատում ենք», - հայտարարեց դիվանագետը:

Նրա խոսքով, այսօր շատ կարևոր օր է բարի կամք ունեցող հայ և ամերիկացի բոլոր մարդկանց համար: «Ինձ համար պատիվ է ներկայացնել ամերիկյան կառավարությունը և ժողովուրը այսօր, երբ մենք ոգեկոչում ենք` նախագահ Օբամայի խոսքով 20-րդ դարի վատագույն ողբերգության զոհերի հիշատակը», - ասաց Միլզը:

ՀՀ նախագահը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ>>

Նա նշեց, որ 101 տարի առաջ միլիոնավոր հայեր ջարդերի և տարհանման զոհ դարձան: «Այսօր մենք ոգեկոչում ենք այդ զոհերի հիշատակը և մեր ներդրումն ենք անում, որպեսզի նման դեպքեր երբեք չկրկնվեն», - ընդգծեց դիվանագետը: 

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-