Նորք-Մարաշի հանցախումբը պլանավորում էր զինված հեղաշրջում

30.03.2016, 19:17
Երևանում ձերբակալված հանցախումբը պլանավորում էր զինված հեղաշրջում, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը:
Նորք-Մարաշի հանցախումբը պլանավորում էր զինված հեղաշրջում

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում ձերբակալված հանցախումբը պլանավորում էր զինված հեղաշրջում, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը:

2015թ նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ը հայտնել էր Նորք-Մարաշում զինված հանցախմբի ձերբակալման մասին, որը գլխավորում էր 1997թ Իսպանիայում բնակվող և 2015թ ապրիլից Հայաստանի մայրաքաղաքում ժամանակավորապես բնակություն հաստատած Հայաստանի քաղաքացի Արթուր Վարդանյանը:

«Հանցախմբի գլխավոր նպատակն էր զինված հեղաշրջում իրականացնել կոնկրետ կառույցների դեմ ուղղված գործողությունների միջոցով: Ընդ որում, խումբը չէր հապաղի օգտագործել իր տրամադրության տակ առկա ողջ զինամթերքը»,- ասաց Համբարձումյանը:

Նրա խոսքով` խուզարկության ժամանակ գտնվել էր Երևանի քարտեզը` թիրախների նշանակետերով, որոնց վրա պլանավորվում էր հարձակում գործել, ինչպես նաև` կամուրջների և խաչմերուկների նշանակետերով, որոնց վրա հանցախումբը պլանավորում էր ստեղծել արհեստական խցանումներ: Բացի այդ, գտնվել են նոթատետրեր` անունների ցուցակներով, առկա զինամթերքի և կոնկրետ օբյեկտներում կոնկրետ մարդկանց բաշխմամբ:

 - рис.1

Նա նաև նշեց, որ գտնվել են տեսախցիկներից և հեռախոսներից  բազմաթիվ տեսագրություններ, շենքերի գծագրեր և սխեմաներ, ինչպես նաև տեսախցիկների և պահակակետերի դիրքերի նշումներ: Բացի այդ, գտնվել են շենքերի արբանյակային նկարահանումներ, որոնք արվել են Google որոնման համակարգի միջոցով: 

«Հանցախմբի գլխավոր նպատակակետերից էին նախագահական նստավայրը, կառավարության, Սահմանադրական դատարանի և Հայաստանի հանրային հեռուստաընկերության շենքերը», - ասաց Համբարձումյանը:

ԱԱԾ ներկայացուցչի խոսքով` որպես թիրախ հանցախմբի անդամները ընտրել էին շենքեր, բայց զուգահեռ տեղեկություններ էին հավաքում քաղաքական գործունեությամբ զբաղվող 147 անձանց, այդ թվում` Ազգային ժողովի բոլոր պատգամավորների վերաբերյալ: Այդ տեղեկությունները պարունակում էին կենսագրական, ընտանիքի կազմի և նրանց մասին տվյալներ, հասցեներ, այդ թվում` Google որոնման համակարգի արբանյակային լուսանկարներ:

Ըստ Համբարձումյանի` խումբը նաև տեղեկատվություն էր հավաքում ձեռնարկատերերի, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տան և դրա մուտքերի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատավայրերի վերաբերյալ` իրականացնելով ոչ միայն արտաքին հսկողություն, այլև սխեմատիկ գծագրում: Քննչական տվյալների համաձայն` հանցախմբի անդամները փորձում էին տվյալներ հավաքել նաև նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների աշխատանքի վերաբերյալ, ինչի համար մասնակցել էին Գյումրու եկեղեցու բացման արարողությանը, որտեղ գաղտնի նկարահանել էին պետության ղեկավարի ժամանումը:    

«Վարդանյանը այցի ընթացքում եկեղեցական երգչախմբի անդամի հագուստով գտնվում էր եկեղեցում, որպեսզի աննկատ ներխուժի և իր հանդեպ ուշադրություն չգրավի», - ասաց ԱԱԾ ներկայացուցիչը:

 - рис.2

Նրա խոսքով` խուզարկության ընթացքում հայտնաբերվել է ժողովրդին հասցեագրված Վարդանյանի տեսաուղերձը`դրոշի ֆոնի վրա, որը նախատեսվում էր ցուցադրել բոլոր օբյեկտները գրավելուց հետո։ Տեսաուղերձում նա խասում է զինված հեղաշրջման մասին: Բացի այդ, հանցախմբի անդամները նախապատրաստել էին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների համար նախատեսված մամուլի ասուլիլի անգլերեն հրավեր, որտեղ Վարդանյանը պետք է ներկայացներ իր հետագա ծրագրերը։  

«Մեր ունեցած տվյալների համաձայն` նրանք նախատեսում էին գործել միաժամանակ, սակայն բացառված չէ, որ, 2-3 օբյեկտների վրա հարձակումից հետո, մյուս թիրախների վրա հարձակման նպատակահարմարությունը կվերանար: Ընդ որում հարձակումները ծրագրվում էր իրականացնել նոյեմբերին խորհրդարանում նախատեսված հերթական քառօրյայի ժամանակահատվածում», ասաց Համբարձումյանը։

Նա նաև նշեց, որ կազմակերպչական աշխատանքները և հանցագործության նախապատրաստումը ավարտական փուլում էին: Իսկ հանցախումբն այնքան լավ էր զինված, որ լիովին կարող էր իրականացնել հարձակումը:

Հետաքննությունը նախատեսվում է ավարտել առաջիկա 2-3 ամիսների ընթացքում:

ԱԱԾ տվյալների համաձայն` հանցախումբը ստեղծվել էր ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների իրականացման նպատակով: Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված խուզարկությունների արդյունքում հանցախմբի անդամների վարձակալած տանը գտնվել են հրացաններ, ատրճանակներ, նռնականետեր և նռնակներ, պայթուցիկ նյութեր և սարքեր, փամփուշտներ և պահունակներ, կապի միջոցներ և այլ ռազմամթերք: -0-