Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 15–19)

20.07.2019, 10:30
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 15–19)։
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 15–19)

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 15–19)։ 

  • «Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է նոր հատուկ նախագիծ` Food&Wine, որտեղ հրապարակվելու է ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։

  • Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ բանկի դիմաց, 3D հետիոտնային անցում է գծվել։ Այդ մասին Facebook–ի իր էջում գրել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նրա խոսքով, անցումն առայժմ փորձնական է և կիրառվում է շատ քաղաքներում։ Այն վարորդի համար տեսողական պատրանք է ստեղծում, որ դիմացը արգելք կա, ինչը ստիպում է նվազեցնել արագությունը։

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ մեկնաբանել է Իջևանում քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումները: Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 17-ին ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատման դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը: ՔԿ–ի հաղորդմամբ, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 13 անձ:  

  • Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը ներկայացվել է նոր ցանցի վերջնական նախագիծը: Եզրափակիչ հաշվետվություն են ներկայացրել Երևան այցելած բրիտանական WYG խորհրդատվական ընկերության պատվիրակության անդամները, որոնք մասնավորապես նշել են, որ հասարակական տրանսպորտի ժամանակակից միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային և տոմսային ճկուն համակարգ, տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև փոխադրամիջոցների քանակը. կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս:

  • Ուրբաթ լույս գիշերը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվա–Երևան չվերթը կատարող օդանավի թռիչքուղի մտնելու ժամանակ օդանավի անձնակազմն ազդանշան է տվել օդաչուի սրահում ծխի առկայության մասին։ Օդանավը դադարեցրել է թռիչքը, ուղևորները տարհանվել են, ինչի ժամանակ տուժել է ութ մարդ։ Ընդհանուր առմամբ, բժշկական օգնության կարիք են ունեցել օդանավի 8 ուղևորներ, այդ թվում` մեկ երեխա: Նրանցից 6-ին բուժօգնությունը ցուցաբերվել է տեղում, երկուսը հոսպիտալացվել է, որոնցից մեկին տուն են ուղարկել: Միջադեպից տուժած ուղևորներից մեկը շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում։ Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար: Օդանավում գտնվել է 173 ուղևոր և անձնակազմի վեց անդամ:–0–