ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Պանամական օֆշորային սկանդալին վերաբերող գործի քննության շրջանակում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը:
Pastinfo–ի հաղորդմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի՝ Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, հատկանիշներով, քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր Պողոսյանին առնչվող օֆշորային սկանդալի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա:
Հետաքննող–լրագրողների միջազգային կոնսորցիումի հրապարակած փաստաթղթերում կան նաև ընկերություններ, որոնք պատկանում են ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետին։ Լրագրողական հետաքննությամբ զբաղվող Hetq.am կայքի տվյալներով` Պողոսյանը Պանամայում գրանցված երեք ընկերությունների բաժնետեր է («Sigtem Real Estates Incorporated», «Hopkinten Trading Incorporated» և «BANGIO INVEST S.A»)։
Ինչպես հաղորդվում էր, համաշխարհային խոշորագույն ԶԼՄ–ները հրապարակել են բազմաթիվ փաստաթղթեր, որտեղ նշվում է, որ Պանամայում գտնվող Mossack Fonseca ընկերությունը կանոնավոր կերպով օգնում էր հաճախորդներին «լվանալ» փողերը, խուսափել պատժամիջոցներից և հարկերից։ –0–