Կարեն Կարապետյանը կոչ է անում քաղաքական ուժերին նստել մի սեղանի շուրջ

02.05.2018, 14:54
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ` կոչ անելով քաղաքական ուժերին նստել մի սեղանի շուրջ։
Կարեն Կարապետյանը կոչ է անում քաղաքական ուժերին նստել մի սեղանի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ` կոչ անելով քաղաքական ուժերին նստել մի սեղանի շուրջ, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Հարգելի՛ քաղաքացիներ, ելնելով այսօր մեր երկրում ստեղծված իրավիճակից, ինչպես նաև պառլամենտական կառավարման համակարգի առանձնահատկություններից՝ դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ կամք, վճռականություն և ճկունություն ցուցաբերել, նստել մի սեղանի շուրջ: Բոլորս գիտակցում ենք, որ անհրաժեշտ են քաղաքակիրթ և կիրառական արագ լուծումներ՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, որքան էլ դա դժվար թվա», – նշվում է վարչապետի պաշտոնակատարի հայտարարության մեջ։

Загружается новость ... "Лево"

Կարապետյանի խոսքով, վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում՝ սահմանադրական ճանապարհով։ 

«Այլ լուծում գոյություն չունի՝ ոչ տեսականորեն, ոչ պրակտիկորեն: Վստահ եմ, որ համատեղ ուժերով այս փորձությունն էլ մեր երկիրը կհաղթահարի», – նշվում է հաղորդագրության մեջ։

Այն բանից հետո, երբ մայիսի 1–ին ՀՀ ԱԺ–ն հատուկ նիստում մերժեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, նա կոչ արեց սկսել բողոքի տոտալ ակցիաներ հանրապետության ողջ տարածքում, մասնավորապես, տոտալ արգելափակում, այդ թվում` երկաթուղիների և օդանավակայանների։

Ըստ ՀՀ Սահմանադրության, վարչապետ չընտրելու դեպքում քվեարկությունից հետո յոթ օր անց կազմակերպվում են կառավարության ղեկավարի նոր ընտրություններ։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները։ Եթե վարչապետը չընտրվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ապա ԱԺ–ն ցրվում է։–0–