Կարեն Կարապետյան. հանձնարարում եմ առողջապահության նախարարին ուսումնասիրել դեղերի շուկայում տիրող իրավիճակը

01.12.2016, 14:17
Հայաստանում հարկավոր է օրենք ընդունել բժշկական էթիկայի մասին և ուսումնասիրել դեղերի շուկայում տիրող իրավիճակը, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Կարեն Կարապետյան. հանձնարարում եմ առողջապահության նախարարին ուսումնասիրել դեղերի շուկայում տիրող իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հարկավոր է օրենք ընդունել բժշկական էթիկայի մասին և ուսումնասիրել դեղերի շուկայում տիրող իրավիճակը, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Հաշվի առնելով այն, որ կոնտրաֆակտային դեղերի շրջանառությունը կարող է բացասաբար ազդել դեղագործական ոլորտի զարգացման վրա, հանձնարարում եմ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել դեղերի շուկայում տիրող իրավիճակը, վերլուծել իրավական կարգավորումներն ու կառավարությանը ներկայացնել արդյունքները`կցելով միջոցառումների ժամանակացույցը», – նշեց Կարապետյանը։
  
Նա նաև հանձնարարեց առողջապահության նախարարին քսանօրյա ժամկետում կառավարությանը ներկայացնել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը կնպաստի բուժհաստատությունների և հիվանդների միջև վստահության ավելացմանը։

«Փաստաթղթում պետք է նշված լինեն բժշկական էթիկայի նորմերն ու դրանց խախտման համար նախատեսվող պատասխանատվությունը։ Հանձնարարում եմ եռամսյա ժամկետում առաջարկներ ներկայացնել պետպատվերի շրջանակում բուժում իրականացնող բուժհաստատությունների գնահատման համակարգի ներդրման մասին», – ասաց Կարապետյանը։

Վարչապետն առաջարկեց գնահատման արդյունքներով ուսումնասիրել նաև բուժաշխատողների խրախուսման հնարավորությունը։–0–