«Կամար» բիզնես կենտրոն. կամուրջ ավանդույթների և մոդեռնի միջև, կանաչ տեխնոլոգիաներ և պատմական բացառիկ գտածոներ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում շահագործման է հանձնվել «Կամար» նոր բիզնես կենտրոնը, որը կառուցվել է շուրջ 100 տարի առաջ հիմնադրված Թիֆլիսի առևտրային բանկի և հայկական Գյուղատնտեսական բանկի տեղում։ Նոր կենտրոնը միավորել է հին Էրիվանի ճարտարապետական լուծումները, ինչպես նաև մոդեռն մոտեցումներն ու լուծումները։
Բիզնես կենտրոնի տնօրեն Արտաշես Կազախեցյանը խոսել է այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում շենքի նոր հայեցակարգը, ինչ հետաքրքիր «կանաչ» լուծումներ են գործարկվել կառուցման ժամանակ և պատմական ինչ բացառիկ գտածոներ են իրականացվել շինարարության ժամանակ։
Ներդրումներ` հանուն զարգացման
Բիզնես կենտրոնի շենքի շինարարությամբ զբաղվել է «Prodeco» ընկերությունը (Property Development Company), որը ներառված է «Ամերիա» ընկերությունների խմբում։ Ինչպես նշում է Կազախցյանը, «Ամերիան», ներդրումներ կատարելիս, միշտ հավատարիմ է ոչ միայն եկամուտ ստանալու նպատակին, այլև փորձում է լրացուցիչ ներդնել նորարարության տարրեր և լինել մեկ քայլ առաջ։
Նրա խոսքով, նախագծի իրականացմանն ուղղվել է 25 մլն դոլար, որոնք ներգրավվել են մասնավոր ներդրումների հաշվին։
«Prodeco–ն միջոցներ է ներգրավել ոչ թե որպես անշարժ գույքում իրականացվող ներդրումներ, այլև` փորձ` կառուցելու գերժամանակակից ճարտարապետական լուծումներով շինություն և ապահովելու «կանաչ տեխնոլոգիաների» սկզբունքները` միաժամանակ ապահովելով շինության էներգախնայողությունը», – ասաց Կազախեցյանը։
Նշելով, որ շենքն առանձնանում է այլ բիզնես կենտրոններից` Կազախեցյանն ընդգծեց «կանաչ» տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաև ձգտումը` ներդաշնակորեն համադրելու հին հայկական, երևանյան ճարտարապետական ավանդույթները ժամանակակից նորարարական լուծումների հետ` ապակու և մետաղի կիրառմամբ։
Ամեն նորը լավ մոռացված հինն է
Ինչպես նշում է բիզնես կենտրոնի տնօրենը, շենքի կառուցման ժամանակ հիմնական նպատակն էր պահպանել «երևանյան անկյունն» ու հին տարրերը, ինչի համար ծախսվել է զգալի ժամանակ և ռեսուրս, այդ թվում` հին շենքի և դրա հետագա վերականգնման թվայնացման մասով։
Նոր կենտրոնի շենքը կարծես հենվում է հին շենքերի երկու ճակատների վրա, որոնք կառուցվել են այս նույն վայրում նախորդ դարասկզբին։ Նոր շինությունն ամբողջությամբ ընկալելու համար հարկավոր է դրան նայել կողքից։ Աջ կողմից տեղակայվել է 1910 թ.–ին կառուցված Թիֆլիսի առևտրային բանկի շենքը, որը կառուցվել է Ամասիայի սև տուֆից` թիֆլիսահայ ճարտարապետ Միքայել Օհանջանյանի նախագծով։
Այս շենքում մեկ դար շարունակ միշտ տեղակայված են եղել ֆինանսական կառույցներ, բանկեր, իսկ այսօր այստեղ է գտնվում Ամերիաբանկի մասնաճյուղը` պահպանելով շինության ավանդույթները։ Մուտքից ձախակողմյա հատվածում գտնվում է Գյուղատնտեսական բանկի շենքը, որը կառուցվել է 1926 թ.–ին` ճարտարապետ Նիկոլայ Բունիաթյանի նախագծով, որի կառուցման գաղափարը պատկանում է Ալեքսանդր Թամանյանին։ Շենքը կառուցված է մոխրագույն բազալտից։
Նախագծի հեղինակների` ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանի և քանդակագործ Դավիթ Երևանցու մտահղացմամբ, կենտրոնում, իրենց պատմական նախորդներից մի փոքր այն կողմ գտնվում է բիզնես կենտրոնի շենքը, որի մուտքի խորհրդավոր կամարը, կարծես, յուրօրինակ կամուրջ է պատմության և արդիականության միջև: Կամարի կենտրոնում «կենաց ծառն» է` երկարակեցության և բարգավաճման հայկական ավանդական խորհրդանիշերից մեկը:
Միաժամանակ, սև տուֆից կառուցված հին շենքի տարրերն օգտագործվում են նաև շենքի ինտերիերում` ստեղծելով պատմական ժառանգության պահպանման ընդհանուր մթնոլորտ։
«Կանաչ» պատ և տեխնոլոգիաներ
Բիզնես կենտրոնի շենքը, դեռ չհասցնելով գործարկվել, արդեն ռեկորդներ է գրանցել։ Բիզնես կենտրոնի նախագիծը դարձել է առաջինը Հայաստանում, որը հավաստագիր է ստացել BREEM հեղինակավոր բրիտանական ընկերության կողմից, որն իրականացնում է շինությունների`«կանաչ» տեխնոլոգիաներին համապատասխանության ուսումնասիրություն և հավաստագրում։
Երկրորդ ռեկորդը «կանաչ» պատն է, որը Եվրոպայի ամենաբարձր «կենդանի» պատն է, ունի 20 մ բարձրություն, ընդհանուր մակերեսը կազմում է 160 քմ։ Նախագիծն իրականացրել է Green Lad ընկերությունը` Novintiss ֆրանսիական ընկերության տեխնոլոգիաներով։ Ուղղահայաց կանաչապատման ամենակարևոր առավելությունը յուրահատուկ թարմությունն ու բնական տեսքն է, որ ունի շինությունը։ Բացի այդ, «կանաչ» պատը կատարում է օդի զտում, ջերմամեկուսացում և նվազեցնում է աղմուկը։ Այն ծառայում է նաև որպես արևի ճառագայթներից պաշտպանող ծածկ` մեղմացնելով շոգը 8–10 աստիճանով։
Անհրաժեշտ խոնավությունն ապահովելու համար յուրաքանչյուր պատի տակ կառուցվել են փոքրիկ ջրվեժներ, որտեղից ջուրը գոլորշիանում է` ստեղծելով լրացուցիչ խոնավություն։
Արխիվային գտածոներ
Հին ավանդույթներին և ճարտարապետական լուծումներին համապատասխան շինություն կառուցելու համար վեր են հանվել բազմաթիվ արխիվային փաստաթղթեր ինչպես Երևանից, այնպես էլ Թբիլիսիից։ Շինարարությունը տևել է երեք տարի, այդ ընթացքում ճարտարապետներն ու նախագծի մշակողները վերանայել են բազմաթիվ փաստաթղթեր, լուսանկարներ և կատարել են բացառիկ գտածոներ, որոնք տեղակայված են շենքի թանգարանային հատվածում։
Թանգարանում ներկայացված են հարյուրամյա վաղեմություն ունեցող լուսանկարներ, որտեղ ներկայացված է Շահումյան հրապարակը (այնտեղ մինչ օրս գտնվում է շենքը), Թիֆլիսի առևտրային բանկի գործունեության մասին պատմական փաստեր, փաստաթղթեր բանկի հիմնադրման որոշման մասին։ Ցուցանմուշների թվում կարելի է տեսնել մեկդարյա վաղեմության պարտատոմսեր, որոնք գտնվել են շենքի հիմքի տակ, ինչպես նաև Թիֆլիսի առևտրային բանկի կնիքը։
Արխիվային նյութերի ուսումնասիրությունների ժամանակ բացահայտվել է «Սև» շենքի իրական ճարտարապետը` Միքայել Օհանջանյանը։ Մինչև վերջերս շենքի ճարտարապետն էր համարվում Բորիս Մեհրաբյանը։
Թանգարանում կարելի է նաև ծանոթանալ շինությունների պատմությանը, իմանալ,թե ինչ ընկերություններ են տեղակայվել այդ շինություններում տարբեր տարիներին։
Բացառիկ շինության նոր բնակիչները