ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի ավագանու ընտրությունների համար բացվել է 474 տեղամասային կենտրոն։
«Բոլոր կենտրոններում տեղադրված են տեսախցիկներ, տեխնիկական սարքավորումներն անխափան աշխատում են», – լրագրողներին ասաց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Սահմանված կարգով առավոտյան ժամը 8-ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը: Բոլոր տեղամասային կենտրոններում տեղադրված են տեսախցիկներ, տեխնիկական սարքավորումներն աշխատում են անխափան»,- նշեց Մուկուչյանն ու հավելեց, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են երկու կուսակցություն՝ ՀՀԿ-ն և «Երկիր ծիրանի»-ն և մեկ կուսակցությունների դաշինք՝ «Ելք»-ը:
«Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է ավագանու 308 թեկնածու, որից 98-ը կին է»,- հայտնեց Մուկուչյանը:
Նրա խոսքով, Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն է իրականացնում տեղական 17 կազմակերպություն՝ 5 հազարից ավելի դիտորդներով, և մեկ միջազգային կազմակերպություն` 10 դիտորդներով:Ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել է 32 տեղական և երեք միջազգային լրատվամիջոց: Ընդհանուր առմամբ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 476 լրագրող:
Ընտրողների ցուցակում ընդգրկվել է 842 147 մարդ: Քվեարկությունը կտևի մինչև երեկոյան 20:00: Երևանի ավագանու խորհրդի այս ընտրություններին մասնակցում են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ելք» ընդդիմադիր դաշինքը և «Երկիր ծիրանի» ընդդիմադիր կուսակցությունը:
Ավագանու ընտրություններում ՀՀԿ–ի համամասնական ցուցակը գլխավորում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանին»` նրա հիմնադիր Զարուհի Փոստանջյանը։
«Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, Երևանի քաղաքապետին ընտրում է Ավագանու խորհուրդը, որը ձևավորվում է կուսակցական սկզբունքով` համաքաղաքային ընտրությունների հիման վրա, որոնք անցկացվում են քվեարկության համամասնական համակարգով։
Ըստ օրենսդրության, եթե ընտրությունների արդյունքում խորհրդում կուսակցություններից մեկը ստանում է 50%–ից ավել տեղեր, ապա այդ կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն համարվում է ընտրված քաղաքապետ։ Եթե թեկնածուն չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է քաղաքապետի պաշտոնից կամ կուսակցություններից ոչ մեկը չի ստանում 50%–ից ավել, ապա քաղաքապետն ընտրվում է Ավագանու խորհրդի անդամների գաղտնի քվեարկության միջոցով։ Երևանի Ավագանու խորհուրդն ընտրվում է չորս տարի ժամկետով և բաղկացած է 65 անդամից։
Ներկա խորհրդում ներառված է երեք խմբակցություն` ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և «Բարև, Երևան» ընդդիմադիր խմբակցությունը։ Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը զբաղեցնում է իր պաշտոնը 2011 թ.–ից։ –0–