ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը:
Ինչպես հայտնում է ԿԳՆ–ի մամուլի ծառայությունը, Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև դպրոցներում իրականացվող հնարավոր դրամահավաքների խնդրին՝ հատուկ ընդգծելով, որ դպրոցների որոշ տնօրեններ ապատեղեկատվություն են տարածում ծնողների և աշակերտների շրջանում՝ իբրև թե նախարարությունն արգելել է Վերջին դասի արարողությունը:
Նախարարը կոչ է արել վերջիններիս՝ զերծ մնալ նման ապատեղեկատվության տարածումից, այլապես դրան կլինի համարժեք արձագանք:
Այս տարի «Վերջին զանգի» արարողությունը կանցկացվի մայիսի 25-ին: Տոնական միջոցառումների շրջանակում դպրոցներում անցկացվում է նաև «Վերջին դասի» սիմվոլիկ արարողություն:
Մի քանի օր առաջ Հարությունյանը Facebook-ի իր էջում կոչ է արել բոլոր դպրոցներին` հրաժարվել դրամահավաքից «Վերջին զանգի» արարողության համար։ Նա զգուշացրել է, որ նման դեպքերի բացահայտման պարագայում բոլոր մեղավորները կպատժվեն:-0-