Իսպանիայի Սաբադել քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

26.01.2017, 20:04
Իսպանիայի Կատալոնիա ռեգիոնի Սաբադել քաղաքը հունվարի 23-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
Իսպանիայի Սաբադել քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Իսպանիայի Կատալոնիա ռեգիոնի Սաբադել քաղաքը հունվարի 23-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

Սաբադելի քաղաքապետարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարաթյուն, համաձայն որի տեղի ունեցածը բնորոշվում է որպես ցեղասպանություն և հանցագործություն մարդկության դեմ, հաղորդում է hayernaysor.am–ը, որը ՀՀ սփյուռքի նախարարության պարբերականն է։

Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մարդկության դեմ գործած ցանկացած հանցանք պետք է դատապարտվի, որպեսզի նման բաներ չկրկնվեն աշխարհի ոչ մի անկյունում, որևէ ազգի, ռասայի կամ դավանանքի ներկայացուցիչների հետ: Սաբադելի քաղաքային իշխանությունները պաշտոնապես ճանաչում են Հայոց ցեղասպանությունը»:

Փաստաթուղթը հեղինակել է «Ciudadanos» կուսակցությունը՝ բավարարելով Սաբադելի հայ համայնքի համապատասխան հայցը:

Կուսակցության խոսնակ Ադրիան Էրնանդեսը նշել է, որ ողջունում են քաղաքային խորհրդում ներկայացված գործընկեր կուսակցությունների աջակցությունն այս հարցում, քանի որ դա թույլ է տալիս Սաբադելին միանալ Հայոց ցեղասպանությունն արդեն իսկ պաշտոնապես ընդունած և դատապարտած այլ իսպանական քաղաքների ցանկին:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-