ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Դուբայից վերադառնալուց հետո մի կողմ է թողել պաշտոնանկության պատճառով իշխանություններից ունեցած դժգոհությունն ու կառավարությունից վերցրած իրերը տեղափոխում է ՀՀԿ գրասենյակ, գրումէ «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Թերթի հաղորդմամբ, նախկին վարչապետը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում առանձնասենյակ ունի, բայց, գրասենյակի աշխատակիցների փոխանցմամբ, նա հիմա այնտեղ հիմնովին է հաստատվում:
Պարբերականի տեղեկությունների համաձայն, Հովիկ Աբրահամյանն այդպիսով փորձում է ներիշխանական զարգացումներին հնարավորինս մոտ լինել, որ մոռացության չմատնվի և խաղից դուրս չմնա:Բացի այդ, նա այդպիսով մոտ կլինի իր սիրելի կառավարության շենքին:
«Հիշեցնենք, որ մեկ այլ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում ժամանակ առ ժամանակ տնտեսական բլոկի նախարարներին ու պատգամավորներին հրավիրում էր կուսակցության գրասենյակ՝ որոշակի խնդիրներ քննարկելու: Հայտնի չէ, թե Կարեն Կարապետյանը կպահպանի՞ այդ ավանդույթը, բայց կարծիք կա, թե Հովիկ Աբրահամյանն ինքն է ցանկանում այդ նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը»,- գրում է թերթը:–0–