Հայաստանը պետք է գործընկեր երկրներից պարզի նրանց դիրքորոշումը ղարաբաղյան իրավիճակի շուրջ. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը պետք է իր գործընկերներից պահանջի պարզել նրանց դիրքորոշումը ղարաբաղյան իրավիճակի շուրջ, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը։
Նա նշեց, որ իրենց գործընկերների նկատմամբ ԵՄ–ի և ՆԱՏՕ–ի երկրների դիրքորոշումը շատ է տարբերվում ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ երկրների դիրքորոշումներից։
«Կարելի է համեմատել, թե ինչպես են վարվել ԵՄ–ի և ՆԱՏՕ–ի երկրներն իրենց գործընկերների, մասնավորապես` Թուրքիայի նկատմամբ և ռուս–թուրքական հարաբերությունների համատեքստում ու դա համեմատել ԵՏՄ–ի և ՀԱՊԿ–ի մեր գործընկերների վարքագծի հետ։ Ըստ էության, գնահատականները միայն անբավարար են», – ասաց Դավթյանը։
Նա նշեց, որ Հայաստանի բոլոր գործընկեր երկրները տարբեր կերպ արձագանքեցին ղարաբաղյան իրավիճակի սրմանը, մասնավորապես, Բելառուսը շեշտը դրեց տարածքային ամբողջականության վրա, Ղազախստանն արեց հնարավոր ամեն ինչ, որպեսզի ԵՏՄ գագաթնաժողովը չանցկացվի Երևանում, իսկ Ռուսաստանը փորձեց կողմերի միջև հավասարության նշան դնել։
Հայաստանն այլևս միակողմանի դաշնակից լինել չի ցանկանում>>
«Կարծում եմ, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ–ի և ԵՏՄ–ի իր գործընկերներից ստանա որոշ հարցերի պատասխաններ, հատկապես` Ռուսաստանից, որը համարվում է Հայաստանի ռազմավարական դաշնակից, և հետևաբար պաշտոնական Մոսկվայից հայ հասարակության սպասումները շատ ավելին էին, քան մնացած երկրներից», – ասաց Դավթյանը։
Նա, միաժամանակ, անհրաժեշտ համարեց անցկացնել հետևողական աշխատանք Հայաստանի գործընկեր երկրների հետ` ներկայացնելով նրանց ադրբեջանական ագրեսիայի, ահաբեկչության և մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների փաստերը։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–