Հայաստանը կանգնած է պատմական հնարավորությունների շեմին. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը կանգնած է պատմական հնարավորությունների շեմին, երկուշաբթի ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երդմնակալության արարողության ժամանակ։
Արմեն Սարգսյանը դարձավ խորհրդարանի կողմից ընտրված առաջին նախագահը խորհրդարանական իշխանավարման համակարգին անցնելուց հետո։
«Այսօր ինձ համար մեծ պատիվ է ստանձնելու Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնը: Սա վիթխարի պատասխանատվություն է երկրի, ժողովրդի և պատմության առջև: Այն ինձ մղում է լարել իմ ողջ ուժերն ու եռանդը՝ արդարացնելու համար այն վստահությունը, որ մարտի 2-ին իմ հանդեպ ցուցաբերեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը: Արդարացնելու համար նաև այն հույսերը, որ ինձ հետ կապում են Հայաստանի հասարակության ամենատարբեր շերտերը, մտավորականներից մինչև պարզ քաղաքացիներ, ինչպես նաև Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք սրտացավ և ուշադիր հետևում են Մայր Հայրենիքի ձեռքբերումներին ու մաքառումներին: Ինձ ուժ է տալիս հավատը: Հավատը մեր երկրի և ժողովրդի ապագայի հանդեպ, հավատը Հայաստանի քաղաքացիների և աշխարհով մեկ սփռված մեր քույրերի ու եղբայրների տոկունության, աշխատասիրության ու տաղանդի հանդեպ», – ասել է Արմեն Սարգսյանը։
ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը գտնվում է Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի շեմին, և անցում կատարում պետական կառավարման նոր՝ խորհրդարանական համակարգի:
«Այսինքն, մի կողմից, ունենք հանրապետական կարգերի 100-ամյա պատմություն, մյուս կողմից, խորհրդանշական կերպով սկսում ենք նոր էջից: Մեկ դար առաջ, հայ ժողովրդի ծանրագույն կորուստներից հետո, գերմարդկային ջանքեր և սխրանք էր պետք` փրկելու և ապրեցնելու այն փոքրիկ հողակտորը, որը մնացել էր մեր մեծ Հայրենիքից: Ի պատիվ նախորդ սերունդների` թե՛ Առաջին, թե՛ Երկրորդ Հանրապետության օրոք, մեր ժողովուրդը կարողացավ ոչ միայն ոտքի կանգնել, ուղղել մեջքը, այլ նաև արժանապատիվ կերպով ներկայանալ աշխարհին», – ասել է ՀՀ նախագահը։
Նրա խոսքով, հենց դրա շնորհիվ ներկա սերնդին բախտ վիճակվեց ոչ միայն հռչակել Երրորդ Հանրապետությունը, այլև կայացնել մեր Հայրենիքի անկախությունը:
Ամրապնդել մեր ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունը: Ստեղծել ամուր և հզոր բանակ
«Մենք ապրում ենք հարափոփոխ աշխարհում՝ լի բազմաբնույթ վտանգներով, սպառնալիքներով և մարտահրավերներով: Սակայն մեզ համար այն լեցուն է նաև նոր և գրավիչ հնարավորություններով: Եվ մեզնից է կախված, կարողանալո՞ւ ենք, արդյոք, օգտվել այդ պատմական հնարավորություններից: Մեզնից է կախված, թե 21-րդ դարում ինչպիսի Հայաստան ենք ուզում կերտել: Հայաստան, որն ընդունակ կլինի դիմագրավել դարի մարտահրավերներին և արժանի տեղ գրավել առաջավոր ազգերի շարքում», – ընդգծել է ՀՀ նախագահը։
«Սա, հիրավի, պատմական հնարավորություն է: 21-րդ դարը մտքի դար է, գիտական թռիչքի դար, և դրան համեմատ մենք պետք է կերտենք նոր՝ Երիտասարդ Հայաստան: Դինամիկ, ճկուն և ստեղծագործ Հայաստան: Երկիր, որը կմարմնավորի մեր ժողովրդի իմաստությունն ու տաղանդը, կհամապատասխանի բոլորիս իղձերին և կդառնա բոլորիս հպարտության և ոգևորության աղբյուրը», – ասել է ՀՀ նախագահը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունն անցկացվեց Ազգային ժողովի` հատուկ գումարված նիստի ժամանակ` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
ՀՀ ԱԺ–ն 2018 թ.–ի մարտի 2–ին 90 «կողմ» և 10 «դեմ» ձայներով Արմեն Սարգսյանին ընտրեց ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում։–0–