ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունում այս պահին չունենք անհանգստացնող վիճակ` կապված սուր–շնչառական վարակների հետ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտարարեց ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Լիլիթ Ավետիսյանը։
Օրերս հայկական մամուլում լուրեր են շրջանառվում հանրապետությունում առկա խուճապի մասին։ Մասնավորապես նշվում է, որ մանկական հիվանդանոցները գերծանրաբեռնված են, բժիշկները չեն հասցնում սպասարկել։ Երեխաների մոտ հիմնականում արձանագրվում է բարձր ջերմություն, աղեստամոքսային տրակտի խանգարում, մկանային ցավեր։
«Հայաստանում իրավիճակն այս պահին վերահսկելի է, որևէ տագնապալի երևույթներ չկան, շրջանառվում են սովորական վիրուսներ, որոնք միշտ այս սեզոնին եղել են», – նշեց փորձագետը։
Նրա խոսքով, իրականացվել է հարցում, մոնիտորինգ։
«Հիմա շրջանառվող վիրուսների մեջ գրիպի վիրուս չկա, շրջանառվում են ավելի թեթև կլինիկա առաջացնող վիրուսներ` պարագրիպ, ռինովիրուս, ռեսպիրատոր–սինցիտիալ վիրուս, որոնք ընթանում են ավելի թեթև, քան գրիպը, որն ինքնին ծանր հիվանդություն է։ Այս վիրուսները կարող են մի փոքր ավելի երկար տևել, բայց լուրջ հետևանքների չեն հանգեցնում», – ընդգծեց Ավետիսյանն ու խորհուրդ տվեց առաջին իսկ ախտանիշների դեպքում դիմել բժշկի։–0–