Հայաստանում անհրաժեշտ են համարում օտար լեզուների, մասնավորապես ռուսերենի դասավանդման որակի բարձրացումը

24.12.2018, 13:26
Հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում առանցքային է ինչպես մանկավարժական կադրերի պատրաստման, այնպես էլ գործող ուսուցիչների վերապատրաստման խնդիրը:
Հայաստանում անհրաժեշտ են համարում օտար լեզուների, մասնավորապես ռուսերենի դասավանդման որակի բարձրացումը

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անհրաժեշտ է համարում դպրոցներում օտար լեզուների դասավանդման մակարդակի բարձրացումը:

Ինչպես հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ալեքսեյ Լուբկովի հետ հանդիպմանը նախարարի պաշտոնակատարը նշել է, որ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում առանցքային է ինչպես մանկավարժական կադրերի պատրաստման, այնպես էլ գործող ուսուցիչների վերապատրաստման խնդիրը:

Նախարարի պաշտոնակատարը կարևորել է օտար լեզուների, մասնավորապես ռուսաց լեզվի դասավանդման որակի բարձրացումը՝ միաժամանակ ընդգծելով, որ այս ուղղությամբ երկու մանկավարժական բուհերը կարող են լուրջ դերակատարում ստանձնել:

Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ 21-րդ դարի կրթությունն անհնար է պատկերացնել առանց տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և հավելել, որ այդ համատեքստում առաջնահերթ խնդիրներից է ժամանակակից էլեկտրոնային բովանդակության ձևավորման անհրաժեշտությունը:

Ալեքսեյ Լուբկովը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին ընդունելության համար և փոխանցել ՌԴ լուսավորության նախարար Օ. Վասիլևայի ողջույնի ուղերձը: Ռեկտորը բարձր է գնահատել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների համատեքստում երկու մանկավարժական բուհերի միջև ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով, որ առկա են դրանց ընդլայնման բոլոր հիմքերը:-0-