Հայաստանում 3 զինծառայող բեկորային վնասվածքներ է ստացել պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով

03.03.2017, 18:04
Տուժած զինծառայողներն անմիջապես տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։
Հայաստանում 3 զինծառայող բեկորային վնասվածքներ է ստացել պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 ժամկետային զինծառայողի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Նախնական տվյալներով՝ 2017թ. փետրվարի 28-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել պայթուցիկ սարքի պայթյուն, ինչի հետևանքով ինժեներական աշխատանքներ կատարող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նարեկ Գևորգի Գրիգորյանը, Պերճ Արմենի Գաբրիելյանը և Էրիկ Սամվելի Սահակյանն ստացել են տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ:

Տուժած զինծառայողներն անմիջապես տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ):

Կատարվում է նախաքննություն:–0–