Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կծախսի խորհրդարանական ընտրությունների վրա

08.11.2018, 14:49
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կծախսի խորհրդարանական ընտրությունների վրա:
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կծախսի խորհրդարանական ընտրությունների վրա

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը մոտ 3 մլրդ դրամ (շուրջ 6,1 մլն դոլար) կծախսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և անցկացման վրա։ Համապատասխան որոշումն ընդունվել է հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ։

Ինչպես հարցը ներկայացնելիս նշեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, դեկտեմբերի 9–ին նախատեսված խորհրդարանական ընտորւթյունների կազմակերպման և անցկացման համար կառավարության պահուստային ֆոնդից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 2,7 մլրդ դրամ։

Նրա խոսքով, ևս 10 մլն դրամ կտրամադրվի Արդարադատության նախարարությանն` Ընտրական օրենսգրքի 10 հազար օրինակ թողարկելու համար, ոստիկանությանը` 234,2 մլն դրամ։ Այդ գումարից հագուստ և գրենական պիտույքներ գնելու համար կհատկացվի 10 մլն դրամ, մնացած 224,2 մլն դրամը կուղղվի կապի ծառայություններին և ընտրացուցակները շտկելուն։

«Ինչպես տեսնում ենք, ընտրությունները թանկ հաճույք է, հատկապես արտահերթները», – նշեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։

«Բացի նախատեսված գումարից, ընտրությունների կազմակերպման և անցկացման համար Հայաստանը կստանա աջակցություն միջազգային և դոնոր կազմակերպություններից` ՄԱԿ–ի հովանու ներքո, այդ թվում` տեսահսկման սարքավորումներ տեղադրելու, ուսուցողական նյութեր հրապարակելու համար», – ասաց Միրզոյանը։–0–