ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հանրապետության տարածքին այս պահին Սև ծովի շրջաններից հերթական ցիկլոնն է մոտենում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայպետհիդրոմետի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Ցիկլոնի ազդեցությունը մեր երկրում կզգացվի հինգշաբթի կեսօրից հետո, տեղումները կսկսվեն Շիրակից։ Ուշ երեկոյան և առաջիկա գիշերը երկրի ողջ տարածքում կլինեն առատ տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռներում թաց ձյան, հովտային գոտիներում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով», – նշեց Սուրենյանը։
Նրա խոսքով` հունվարի 15–ի առավոտյան տեղումները կդադարեն և կպահպանվեն միայն Վայոց Ձորում և Սյունիքում։ Երևանում տեղումները կսկսվեն հինգշաբթի ուշ երեկոյան, սկզբում անձրևի տեսքով, իսկ գիշերը անձրևը կվերափխվի թաց ձյան։ Հունվարի 15–ին առավոտյան ժամերից մայրաքաղաքում նույնպես կլինի տեղումների դադար։
«Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, Երևանում այդ օրը գիշերը կլինի -5....-7 աստիճան ցուրտ, ցերեկը` +3...+5 աստիճան տաքություն: Հունվարի 17-ից կրկին օդային հոսանքները կդառնան հարավային, և հանրապետություն կներթափանցեն տաք օդային զանգվածներ, ինչի արդյունքում հունվարի 17-19-ը եղանակը կրկին կտաքանա մոտ 6-8 աստիճանով»,– նշեց Սուրենյանը։ –0–