Հայաստանի ժուռնալիստների միությունը ոսկե մեդալով է պարգևատրել «Նովոստի–Արմենիա» գործակալության գլխավոր տնօրենին
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանը պարգևատրվել է Հայաստանի ժուռնալիստների միության ոսկե մեդալով մասնագիտությանը հավատարիմ լինելու համար։
Ինչպես գործակալության 10–ամյա հոբելյանի տոնակատարության ժամանակ հայտարարեց միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, տասը տարին մեծ ժամանակահատված չէ` հատկապես լրագրության ոլորտում կայանալու համար։
«Ես այս գործակալության կայացման և նրա ղեկավարների աշխատանքի սկզբի վկան եմ։ Նրանք հենց սկզբից իրենց առջև դրել էին կոնկրետ նպատակներ, գիտեին, թե ինչին են ծառայելու, իսկ ծառայում են գլխավորին` մեր մասնագիտությանը», – ասաց Գևորգյանը։
Միության նախագահը նշեց, որ Գալինա Դավիթյանը հետևողականորեն կատարում է իր առջև դրված նպատակները` հարցին մոտենալով անկեղծ և լրագրողական պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակով։
«Վերջերս Գալինա Դավիթյանն արժանացել է ռուսական հեղինակավոր մրցանակի, և ես ուրախ եմ, նրան ճանաչում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև Մոսկվայում», – ասաց Գևորգյանը։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը մեջբերմամբ կայուն, առաջատար դիրքեր է զբաղեցնում արտասահմանյան ԶԼՄ–ներում` լինելով Հայաստանից ստացվող հավաստի և օպերատիվ տեղեկատվության հուսալի աղբյուր։
Հիմա www.newsarmenia.am գործակալության կայքում ամսական դիտումների թիվը գերազանցում է 500 հազարը, ընդ որում` դրանց կեսը բաժին է ընկնում Հայաստանի ընթերցողներին։
ԱՄԻ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը (www.newsarmenia.am) 1996 թվականի մայիսի 1–ից գործող «ԱՌԿԱ» հեղինակավոր մեդիահոլդինգի մի մասն է։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի կազմում են նաև` www.telecom.arka.am հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների պորտալը, www.armbanks.am ֆինանսաբանկային պորտալը, www.finstore.am գործարար տեղեկատվության ինտերնետ–խանութը, Adnet.am գովազդային ցանցը, ԱՌԿԱ Style կայքը և MediaGid.am լրատվական ագրեգատորը։ -0-