Հայաստանի երեք սուպերմարկետ վաճառել է «վտանգավոր» աղցաններ

13.11.2018, 16:14
Հայաստանի երեք սուպերմարկետ վաճառել է «վտանգավոր» աղցաններ:
Հայաստանի երեք սուպերմարկետ վաճառել է «վտանգավոր» աղցաններ

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է երեք ընկերությունների՝ «Սիթի», «Պարմա» և «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ների, արտադրական առանձին գործառույթը, հաղորդում է Սննդի անվտանգության պետական ծառայությունը։

Տեսուչների վերահսկողական աշխատանքների և լաբորատոր փորձաքննությունների արդյունքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում:

«Պարզվել էր, որ այս ընկերություններում արտադրվող աղցանների որոշ տեսակներում կան մանրէաբանական շեղումներ: Այսպես՝ «Սիթի» ՍՊԸ-ում արտադրվող «Մայրաքաղաքային» աղցանի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի անթույլատրելի քանակով, աղիքային ցուպիկի խմբի մանրէների, E. Coli, պրոտեուսի առկայությամբ, «Թաբուլե» աղցանի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակով, պրոտեուսի առկայությամբ, «Պարմա» ՍՊԸ-ում արտադրվող «Մոսկովյան» աղցանի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակով, պրոտեուսի առկայությամբ, «Նեխուրով» աղցանի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակով, աղիքային ցուպիկի խմբի մանրէների, E. Coli, պրոտեուսի առկայությամբ, իսկ «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ում արտադրվող «Մայրաքաղաքային» աղցանի նմուշը ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի անթույլատրելի քանակով, պրոտեուսի առկայությամբ չեն համապատասխանել Մաքսային միության 021/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

«Սիթի», «Պարմա» և «Էվրիկա Գրուպ» ընկերություններին տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար, ինչպես նաև հանձնարարվել է թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության։–0–