Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ժամը 11։00–ի դրությամբ մասնակցել է ընտրողների 7,84 տոկոսը. ԿԸՀ

06.12.2015, 12:29
Սահամանադրական բարեփոխումների համահանրապետական հանրաքվեին ժամը 11։00–ի դրությամբ քվեարկել է 201 259 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 7,84 տոկոսը, տեղեկացրեց ԿԸՀ փոխնախագահ Լաուրա Գալստյանը:
Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ժամը 11։00–ի դրությամբ մասնակցել է ընտրողների 7,84 տոկոսը. ԿԸՀ

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նոովստի–Արմենիա/. Սահամանադրական բարեփոխումների համահանրապետական հանրաքվեին ժամը 11։00–ի դրությամբ քվեարկել է 201 259 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 7,84 տոկոսը, տեղեկացրեց ԿԸՀ փոխնախագահ Լաուրա Գալստյանը։

Կիրակի մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների համահանրապետական հանրաքվեն։ Ժամը 08։00–ից երկրի ողջ տարածքում բացվել է 1997 ընտրատեղամաս։ Քվեարկությունը կավարտվի ժամը 20։00–ին։

«Երևանում ժամը 11։00–ի դրությամբ քվեարկել է 66 040 ընտրող, ինչը կազմում է քվեարկողների ընդհանուր թվի 7,81 տոկոսը», – ասաց նա լրագրողներին։

Գալստյանի խոսքով` Արագածոտնի մարզում քվեարկել է ընտրողների 7,15 տոկոսը (8249), Արարատում` 10,97 տոկոսը (23886), Արմավիրի մարզում` 9,9 տոկոսը (20863), Գեղարքունիքի մարզում` 7,48 տոկոսը (14050), Լոռիում` 5,5 տոկոսը (13135), Կոտայքում` 7,86 տոկոսը (18520), Շիրակի մարզում` 4,52 տոկոսը (10432), Սյունիքի մարզում` 12,2 տոկոսը (13160), Վայոց Ձորում` 8,6 տոկոսը (3802) և Տավուշի մարզում` 8,37 տոկոսը (9122)։

Դեկտեմբերի 5–ի տվյալներով` Ընտրողների ռեգիստրում ներառված է 2 մլն 550 հազար 323 մարդ։ Հանրաքվեին ներկայացված օրինագիծը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ընտրացուցակներում ներառված քաղաքացիների մեկ քառորդից ոչ պակասը։

Հանրաքվեին հետևում է ավելի քան 3 հազար դիտորդ` տեղական 18 կազմակերպություններից։ Միջազգային վեց դիտորդական առաքելությունների թվում քվեարկության հետևում են ԱՊՀ Մոնիտորինգի հանձնաժողովի 44 դիտորդներ, ԱՊՀ ՄԽՎ–ի 23 դիտորդ, օտարերկրյա ԿԸՀ–ների 33 ներկայացուցիչ, ԵԽԽՎ–ի 11 դիտորդ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի 5 դիտորդ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ։

Սահմանադրական բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։

Նոր Սահմանադրության նախագծի համաձայն` Հայաստանի նախագահը, որի լիազորությունները զգալիորեն կկրճատվեն, ընտրվում է յոթ տարով (ներկա հինգի փոխարեն) ոչ թե համազզային քվեարկության, այլ խորհրդարանի միջոցով։ Միևնույն մարդը կարող է նախագահի պաշտոնում ընտրվել միայն մեկ անգամ։

Նախատեսվում է, որ առաջին փուլում պետության ղեկավարը պետք է ընտրվի պատգամավորների ձայների ¾–ով, իսկ եթե դա չհաջողվի, ապա նշաձողն իջեցվում է մինչև 3/5։ Եթե այս դեպքում ևս ընտրություններն արդյունքի չհանգեցրին, ապա նախագահը կընտրվի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։

Ըստ փաստաթղթի` գործադիր իշխանության բարձրագույն մարմինը կառավարությունն է, որը մշակում և իրականացնում է ներքին և արտաքին քաղաքականությունը` սեփական ծրագրի հիման վրա։ Կառավարությունը նաև ղեկավարում է պետական կառավարման համակարգը։

Նոր նախագծով նախագահը վարչապետի պաշտոնում նշանակում է խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության կամ դաշինքի թեկնածուներից մեկին։–0–