ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում հակամարտության սրումից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դիրքորոշումից վրդովված հառիճեցիներն արդեն մի քանի օր է` գյուղի գլխավոր փողոցից հանել են Նազարբաևի անունը կրող ցուցանակը:
Azatutyun.am–ի հաղորդմամբ `որոշել են՝ տասը տարի Նազարբաևի անունը կրող փողոցը վերանվանելու են, համայնքի ավագանին առաջիկա օրերին այդ մասին որոշում կընդունի:
«Շփման գծում քառօրյա գործողությունները ցույց տվեցին Նազարբաևի ով լինելը, իրենք էլ որոշեցին, որ նա այլևս գյուղում «անելիք չունի»», – նշել է գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանը
«Հառիճեցիների և մեր ավագանու որոշմամբ, Նազարբաև փողոցը Հառիճից հանեցինք, որովհետև ամբողջ հանրապետության մեջ միայն Հառիճում նրա անվան փողոց կար։ Նազարբաևը, ասում են մեր բարեկամ, բայց հայտարարում է՝ «հայ ազգը սպանում է մեր եղբայրներին»։ Ուրեմն՝ թուրքերն իրենց եղբա՞յրն են, իսկ հայերը պետք է լինեն իրենց թշնամի՞ն։ Դրա համար փողոցն այլևս գոյություն չունի», - ասել է Նազարեթյանը։
Ղազախստանի առաջարկով ապրիլի 8-ին Երևանում նախատեսված ԵՏՄ վարչապետերի նիստը տեղափոխվեց Մոսկվա, օրերս էլ Նազարբաևը Թուրքիայում մասնակցում էր Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովին:
Հառիճի համայնքային գրադարանում Ղազախստանի անկյուն կար, որը բացվել էր դեսպանատան աջակցությամբ, երկուշաբթի օրը այն, որպես բողոքի նշան, վերացվեց. Նազարբաևի մեծ նկարն առաջինը հանվեց պատից:
Նկարները, Ղազախստանի մշակույթի նմուշները, գրքերը՝ բոլորը արկղերում կտեղադրեն ու Ղազախստանի դեսպանատուն կուղարկեն, ասել է Ռոլանդ Նազարեթյանը: «Թող իրենց դեսպանատանը խփեն իրենց նկարը։ Կարելի է ասել, որպես բողոքի ցույց, որպես բողոք Ղազախստանին, թող այդ նկարն իրենց մնա», - նշել է գյուղապետը։
Հառիճի բնակիչները մշտապես դժգոհում էին, թե ինչու դեպի հայ հոգևոր կենտրոններից մեկը՝ Հառիճավանք տանող ճանապարհը պիտի կրի Նազարբաևի անունը, այժմ ասում են, որ վերջապես ուղղվեց սխալը:–0–