ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը հասարակական կարգը պահպանելու կոչով դիմել է շրջանավարտներին և նրանց ծնողներին ու մանկավարժներին «Վերջին զանգի» նախաշեմին
«Մայիսի 27-ին մեր երկրի ավագ դպրոցներում կրկին «Վերջին զանգի» ավանդական արարողությունն է: Այս անչափ խորհրդանշական, բայց և ամեն անգամ նոր ու անկրկնելի տոնը միայն դպրոցականներինը չէ, բոլորինս է, ուրեմն և բոլորով պետք է անենք առավելագույնը, որպեսզի ոչինչ չմթագնի օրվա տոնականությունը։ Ոստիկանությունը նույնպես ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։
«Վերջին զանգի»-ից առաջ ճանապարհային և համայնքային ոստիկանության ծառայողները, անչափահասների գործերով տեսուչները հանդիպումներ ու զրույցներ են ունեցել աշակերտների, մանկավարժների, ծնողների հետ, հիշեցրել տոնական օրը հասարակական կարգը, երթևեկության անվտանգությունը, համակեցության կանոնները խստագույնս պահպանելու անհրաժեշտության մասին:
«Ոստիկանությունը կրկին հիշեցնում ու կոչ է անում հատկապես շրջանավարտներին՝ ձեռնպահ մնացեք մեքենա վարելու գայթակղությունից, հասարակական վայրերում եղեք զուսպ ու հարգալից միմյանց և համաքաղաքացիների հանդեպ, տոնական հրավառություն կազմակերպեք միայն օրենքով սահմանված ժամերին և պահպանելով անվտանգության կանոնները, անվերապահորեն կատարեք ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջները», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը նաև հորդորում է ծնողներին տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին, անհրաժեշտության դեպքում անձամբ վարել մեքենան, ուսուցիչների հետ ընկերակցել երեխաներին զանգվածային միջոցառումների ժամանակ։
«Ձեր ներկայությունը կբացառի պատանեկան արկածախնդրության անցանկալի հետևանքները», – նշվում է հաղորդագրության մեջ։
Տոնական օրվա առավոտից ոստիկանության ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են իրականացնելու հանդիսությունների ու զանգվածային միջոցառումների վայրերում:
«Ոստիկանությունն անելու է ամեն ինչ՝ հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար, դրսևորելու է օրինաչափ խստություն, անհրաժեշտ պահանջկոտություն և անհանդուրժողականություն հասարակական կարգի ցանկացած խախտման հանդեպ՝ ակնկալելով շրջանավարտների, ծնողների, մանկավարժների, ողջ հասարակության միասնությունը, ըմբռնումն ու աջակցությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։-0-