ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում Երևանի Ֆրանսիայի հրապարակում հավաքվածի ցուցարարներին հարգել համաքաղաքացիների հանգստի իրավունքը։
Ցուցարարները` «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոնք բողոքում են վարչապետի պաշտոնին Սերժ Սարգսյանի հնարավոր առաջադրման դեմ, ուրբաթ երեկոյան փակել են Երևանի Ֆրանսիայի հրապարակի երթևեկը։ Նրանք ամբողջությամբ արգելափակել են հրապարակի բոլոր հինգ մուտքերն ու նշանակել պատասխանատուներ յուրաքանչյուր հատվածի համար։ Այս պահին կաթվածահար է եղել Թումանյան–Հյուսիսային պողոտայի, Թումանյան–Մաշտոցի պողոտայի, Մոսկովյան–Բաղրամյան պողոտայի երթևեկը։

ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական վայրերում գիշերային ժամանակ (23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը համարվում է վարչական իրավախախտում:

«ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներից ակնկալում է գիշերային ժամանակ ձեռնպահ մնալ աղմուկով ուղեկցվող գործողություններից, հարգել մեր համաքաղաքացիների հանգստի իրավունքը, և չխաթարել հավաքի վայրի հարակից շենքերի բնակիչների անդորրը», – նշվում է հայտարարության մեջ։

Այս պահին ակցիայի մասնակիցները շարունակում են մնալ Ֆրանսիայի հրապարակում և դրան հարակից փողոցներում։ Իրավիճակը հանգիստ է, հրապարակում տեղադրված դինամիկներից լսվում է ցածր երաժշտություն։
Մարտի 31-ից «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը սկսել էր բողոքի ակցիա Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում հնարավոր նշանակման դեմ: Փաշինյանը սկսել էր երթը Գյումրուց ու մինչև ապրիլի 13-ն անցավ Սպիտակ, Դիլիջան, Սևան ու Հրազդան քաղաքներով` կոչ անելով քաղաքացիներին ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին:–0–