ՀՀ վարչապետը հայտարարեց, որ հրաժարական կտա, երբ նախարարների ազատման հրամանները դե–յուրե մտնեն ուժի մեջ

02.10.2018, 22:40
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարական կտա, երբ նախարարների ազատման հրամանները դե–յուրե մտնեն ուժի մեջ։
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ հրաժարական կտա, երբ նախարարների ազատման հրամանները դե–յուրե մտնեն ուժի մեջ

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարական կտա այն բանից հետո, երբ նախարարների ազատման հրամանները դե–յուրե ուժի մեջ մտնեն։

«Երբ նշված նախարարների և մարզպետների աշխատանքից ազատելու մասին որոշումը դե–յուրե կմտնի ուժի մեջ, դրանից հետո, ես կոնկրետ օրը հիմա չեմ ասում, ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից։ Նախ, որպեսզի որևէ մեկը չմտածի, թե ես կառչած եմ ՀՀ վարչապետի պաշտոնից։ Դրանից հետո 7 օրվա ընթացքում (7+1), 8–րդ օրը ԱԺ–ն պետք է ընտրի նոր վարչապետ։ Եթե այդ ընթացքում չընտրի նոր վարչապետ, պետք է ևս 7 օր ժամանակ անցնի (7+1), ու ԱԺ–ն ընտրի վարչապետ։ Եթե ընտրի նոր վարչապետ, նշանակում է ԱԺ–ն ընտրեց նոր վարչապետ, եթե չընտրեց նոր վարչապետ, տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ», – ասաց Փաշինյանը` ներկայացնելով իր քայլերի հաջորդականությունը։

«Եթե պարզվի, որ ժողովուրդը կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, նշանակում է` մենք ժողովրդի հետ միասին կկարողանանք թույլ չտալ, որպեսզի խորհրդարանն ընտրի նոր վարչապետ», – հայտարարեց ՀՀ վարչապետն` ավելացնելով, որ հրաժարականից հետո կշարունակի կատարել կառավարության ղեկավարի պարտականությունները։ –0–